Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սյունիքի մարզի մի խումբ դպրոցականների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտներին և նրանց ուսուցիչներին:
Ողջունելով սյունեցի դպրոցականներին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել, որ ուրախ է հյուրընկալել Ամանորի նախաշեմին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը:
Ուսուցիչները տեղեկացրել են, որ դպրոցականների խումբն այսօր է եկել Երևան և արդեն եղել է մի քանի վայրերում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ աշակերտները դիտել են փոքրիկների համար նախատեսված ներկայացումը, ապա այցելել են Ազգային ժողով, հանդիպել պատգամավորներին, իսկ այժմ հանդիպում են երկրի վարչապետին:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սյունիքի մարզից եկած աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային հարաբերություններին, դպրոցաշինությանը, այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին և այլն:
Վարչապետն անդրադարձել է դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագրին և հորդորել Սյունիքի մարզի դպրոցականներին օգտվել դրանից, շատ հաճախել մշակութային վայրեր: Իրենց հերթին աշակերտներն առաջարկել են, որպեսզի ներկայացումներ կազմակերպվեն նաև իրենց բնակավայրերում: Վարչապետ Փաշինյանը խոստացել է հարցը պահել ուշադրության կենտրոնում: