Իսկ առանց ռուս խաղաղապահների ավելի լա՞վ էր լինելու. Զախարովան՝ Փաշինյանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությունը ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ։
«Կարո՞ղ եմ ես էլ հարց ուղղել. ինչ-որ մեկը կարող է ամենայն պատասխանատվությամբ ասել, որ առանց խաղաղապահ կոնտինգենտի ավելի լավ կլինի՞։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Հետևաբար կարելի է որքան ցանկանում եք խոսել, թե ինչպես կարող եք բարելավել արդյունավետությունը և այլն: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ բոլորն այժմ աշխատում են այս իրավիճակի հանգուցալուծման վրա, բայց նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալն է, ինձ այդպես է թվում»,- ասաց Զախարովան՝ պատասխանելով VERELQ-ի հարցին:
Հիշեցնենք, հինգշաբթի օրը, ելույթ ունենալով կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»:
Նա նաև հայտարարեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության կողմնակիցն է, «բայց մեզ համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»: