26.11.2024
Անդրեյ Վոլկովը բանակցում է Ռուբեն Վարդանյանի հետ
prev Նախորդ նորություն

Արցախում հանրային սննդի ոլորտում սահմանափակումներ կկիրառվեն

Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ կառավարության որոշման նախագծին: Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից։


Ըստ հաղորդագրության՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները:


«Պետնախարար Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել տնտեսվարողների ցուցաբերած լիակատար փոխըմբռնումն ու աջակցությունը: Նրանցից շատերն արդեն իսկ չեղարկել են բազմամարդ հանդիսությունները՝ այս իրավիճակում դրանք ոչ նպատակահարմար համարելով: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատուներին հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից արված առաջարկները հաշվի առնել կառավարության որոշման նախագծում»,- ասված է հաղորդագրությունում։


Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև կանխիկ դրամաշրջանառության հետ կապված իրավիճակին: Նշվում է, որ Արցախում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ․ «Պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել են ավելի շատ դրամ կանխիկացնել և չծախսել այն, ինչն անդրադառնում է կանխիկի շրջանառության ծավալների վրա: Պետնախարարը նկատել է, որ ստեղծված պայմաններում շատ ավելի ճիշտ է գումարը պահել անկախիկ եղանակով, և հանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել»։


Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 17-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։