ՇՄ նախարարը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության ծրագրերը
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ հայտնում են նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Ողջունելով պարոն դեսպանին՝ շրջակա միջավայրի նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար:
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների, մասնավորապես, շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը հաստատուն է և արդյունավետ։
Ճապոնիայի կառավարության օժանդակությունը թե՛ մասնագիտական կարողությունների զարգացման, թե՛ տեխնիկական աջակցության առումով շատ կարևոր է ու թիրախային»,- նշել է նախարարը։
Դեսպանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել, որ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է՝ համագործակցելու և զարգացնելու համար օրենքի գերակայության գաղափարը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության ծրագրերին և այդ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Նախարարը մասնավորապես անդրադարձել է սնդիկի՝ որպես թափոն Հայաստանում վերամշակելու կամ վնասազերծելու հնարավորություններին և դրա իրագործման գործընթացում տեխնիկական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ Ճապոնիայի հետ համագործակցության հնարավորությանը։
Անդրադարձ է կատարվել Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված Grant Assistance for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ներկայացված՝ Լոռու մարզում անտառների վերականգնման նպատակով ջերմոցների և հակակարկտային ցանցի ստեղծման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի պայմանագրին, որի շրջանակում «Իմ անտառ Հայաստան» ԲՀԿ-ն կառուցելու է 506 ք. մ տարածքով անտառային տնկիների ջերմոց Գուգարքում՝ տնկարանի տարածքում, ինչպես նաև տեղադրելու է հակակարկտային ցանց նույն տնկարանի 6600 ք. մ տարածքի վրա։
Քննարկվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից Շրջակա միջավայրի նախարարության (ի դեմս «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի), ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրին, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։
Կողմերն անդրադարձել են Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության հետ համագործակցության հեռանկարին՝ նպատակ ունենալով ուսումնասիրել, տեղայնացնել և ներդնել ճապոնական գործնական փորձը՝ կապված հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների, վաղ նախազգուշացման համակարգերի և ռիսկերի մոդելավորման մասով։
Պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հանդիպումները և քննարկումները՝ զուգորդված ավելի առարկայական գործընթացներով։
Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը պարոն դեսպանին է նվիրել «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ՝ ի երախտագիտություն շրջակա միջավայրի ոլորտում արդյունավետ համագործակցության։