Սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 224 զոհ է ունեցել. ՔԿ
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է, 3 զինծառայող դեռ համարվում է անհետ կորած։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ բոլոր՝ 224 զոհերի ինքնությունները պարզված են, նույնականացման գործընթացն ավարտված է։ «Բազամկողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու, գնահատական տալու համար»,- ասել է Գոռ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանը հարձակում էր գործել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդն ինտենսիվ կրակ էր վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։