25.11.2024
Ո՞ր ձևակերպմամբ է ՔՊ-ն մերժել ընդդիմության հայտարարությունը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ընդունեց հայտարարություն-կոչը միջազգային հանրությանը՝ առանց ընդդիմության

Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ` օրակարգում ունենալով մեկ հարց: Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:


ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ նախորդ օրը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները շրջանառության մեջ էին դրել եւ առաջարկել էին, որ այսօր արտահերթ նիստում քննարկվեր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության եւ Լաչինի միջանցքի կապակցությամբ նախաձեռնությունը: «Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությունը, եւ հիմա քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությունը: Մեր գնահատմամբ այս հայտարարությունն ավելի լավ է չարվի»,-մասնավորապես, ասել է Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը: Ըստ նրա` իշխանական խմբակցության հեղինակած նախագիծը Հայաստանի շահերից չի բխում:


Քննարկմանը չի մասնակցել նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Չմասնակցելու պատճառը ներկայացրել է Տիգրան Աբրահամյանը: Նրա գնահատմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը համարժեք չէ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին: «Այն հայտարարությունը եւ մոտեցումը, որը դուք եք արտահայտում, որեւէ ձեւով չի կանխում վերահաս վտանգը, այլ նույն կերպ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Նախագիծը տես այստեղ:

Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների տեսակետներին եւ մեկնաբանություններին: «Ընդդիմությունը եւս հանդես էր եկել ԱԺ հայտարարության նախագծով: Մենք, ինչպես մինչեւ հիմա, այս դեպքում եւս, քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է եղել ընդդիմության հետ քննարկումներ անելու եւ ունենալու հայտարարության միասնական տեքստ: ԱԺ խորհրդի նիստի ժամանակ մենք` որպես իշխող խմբակցություն, ընդդիմությանն առաջարկել ենք այս դժվարին պայմաններում ցուցաբերենք միասնականություն եւ կարողանանք միասնաբար ընդունենք մեկ հայտարարություն եւ միասնական ուղերձ հղենք միջազգային հանրությանը»,- մասնավորապես, ասել է խմբակցության ղեկավարը` հավելելով, որ այս առաջարկն ընդդիմադիր գործընկերները չեն ընդունել: Հայկ Կոնջորյանը պարզաբանել է, որ ընդդիմությունը ոչ միայն հրաժարվել է միասնական փոխզիջումային տարբերակ մշակելուց, այլեւ հրաժարվել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկելուց եւ իրենց դիտողությունները ներկայացնելուց: Ըստ նրա` ընդդիմության նպատակն ԱԺ-ում հանրահավաք անելն էր, ինչը չստացվեց:


Պատգամավորներն իրենց հարցադրումներում փորձել են պարզել` ինչո՞վ են պայմանավորված ընդդիմության գործողությունները:


Հայկ Կոնջորյանի խոսքով ընդդիմության հրապարակային հայտարարությունները եւ գործողությունները հակասում են իրար: «Փաստացի հետեւյալ պատկերն է ընդդիմության գործողությունների հիմքում. եթե չեք համաձայնում մեր ուլտիմատումային պահանջներին, ապա կթողնենք ու կգնանք»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ ընդդիմության բերած հայտարարությունների նախագծերում ձեւակերպումներ կան, որոնք այս պարագայում չեն տեղավորվում ՀՀ կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականության գործիքակազմերի մեջ, դրանք իրենց բնույթով կարող են ոչ թե օգնել, այլ վնասել գործին:


«Չի եղել որեւէ առաջարկ, ընդդիմությունը չի հայտնել որեւէ կոնկրետ տարաձայնություն որեւէ թեզի կամ որեւէ նախադասության շուրջ»,- ընդգծել է Հայկ Կոնջորյանը:


Պատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Արսեն Թորոսյանը եւ Հովիկ Աղազարյանն առաջարկել են նախագծով Ռուսաստանի Դաշնությանը ոչ թե կոչով դիմել, այլ պահանջել իրականացնել գործողություններ` ապահովելու եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:


Այս համատեքստում Հայկ Կոնջորյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը նպատակաուղղված իրականացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռուսական խաղաղապահների արժեզրկման եւ հեղինակազրկման գործողություն: Ըստ նրա` Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահ զորախմբի գործունեության ժամկետի երկարացման վերաբերյալ քննարկումները պետք է առարկայանան:


«Մեր մոտեցումն այն է, որ ԼՂ հարցի հանգուցալուծման ճանապարհը Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությունն է: Մենք ջանքեր ենք գործադրում, որ ստեղծվեն այնպիսի միջազգային մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան այդ երկխոսությունը ծավալելու: Այս հայտարարության նախագծում եւս այդ մասին նշել ենք»,- փաստել է խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ խորհրդարանի կողմից հստակ եւ պաշտոնական դիվանագիտության հետ ներդաշնակված ուղերձները շատ կարեւոր է լինելու, որ միջազգային հանրությունը հասկանա ու ճիշտ գնահատական տա, ճիշտ գործողություններ կատարի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:

Նշենք, որ Ազգային ժողովն ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը: