Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին. սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ինչպես միշտ, Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի նման պահվածքը և կոչ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ»:
VERELQ հայտնել է, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 8 ժամ է շարունակում է փակ մնալ: Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։
Այսօր, դեկտեմբերի 12-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Համաձայն Կրեմլի հաղորդագրության զրուցակիցները քննարկել են ճանապարհների ապաշրջափակման խնդիրը: Հայաստանի վարչապետ մամուլի ծառայությունից սակայն հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներն առաջին ակցիան էին կազմակերպել՝ փակելով Լաչինի միջանցքը՝ Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը։ Նրանք պահանջում էին մուտք գործել դեպի Արցախի Կաշենի հանքավայր։ Լաչինի միջանցքով երթեւեկությունը 3 ժամով արգելափակվել էր, որից հետո ճանապարհը բացվել է։
Հաջորդ սադրանքը տեղի ունեցավ օրեր անց, երբ անցկացվեց, այսպես կոչված, բնապահպանների հանդիպումը խաղաղապահների հետ։ Այս անգամ սադրանքը կազմակերպել են ադրբեջանցի լրագրողները, ովքեր պնդել են իրենց մասնակցությունը հանդիպմանը։
Դեկտեմբերի 10-ին ադրբեջանցի «բնապահպաններին» հաջողվել է մեքենայով հասնել Արցախի Կաշենի հանքավայր, սակայն տեղի բնակիչները չեն թուլացրել նրանց մուտքը հանքի տարածք և թույլ չեն տվել մոտենալ հանքին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին՝ «խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը կանխելու համար ոչ մի միջոց չձեռնարկվելու» պատճառով։
Նշենք, որ, ըստ առկա տեղեկությունների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Կաշենի հանքավայրը հանձնվել է բրիտանական Ango Assian Mining ընկերության շահագործմանը։
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, առավոտյան սադրանքները շարունակվել են, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Ըստ առկա տեղեկությունների՝ այնտեղ արդեն վրաններ են տեղադրվել։