25.11.2024
Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպել են իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ՀՀ-ի և ԼՂ-ի միջև անխափան կապի ապահովումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնում են կառվարության մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող հարցերին:


Նույն օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը։


Նշենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի հերթական փորձի ֆոնին, որը բնապահպանների անվան տակ փակել է Հայաստանն Արցախի հետ կապող միակ ճանապարհը։


Նշենք, որ դեկտեմբերի 3-ին, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներն առաջին ակցիան էին կազմակերպել՝ փակելով Լաչինի միջանցքը՝ Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը։ Նրանք պահանջում էին մուտք գործել դեպի Արցախի Կաշենի հանքավայր։ Լաչինի միջանցքով երթեւեկությունը 3 ժամով արգելափակվել էր, որից հետո ճանապարհը բացվել է։


Հաջորդ սադրանքը տեղի ունեցավ օրեր անց, երբ անցկացվեց, այսպես կոչված, բնապահպանների հանդիպումը խաղաղապահների հետ։ Այս անգամ սադրանքը կազմակերպել են ադրբեջանցի լրագրողները, ովքեր պնդել են իրենց մասնակցությունը հանդիպմանը։


Դեկտեմբերի 10-ին ադրբեջանցի «բնապահպաններին» հաջողվել է մեքենայով հասնել Արցախի Կաշենի հանքավայր, սակայն տեղի բնակիչները չեն թուլացրել նրանց մուտքը հանքի տարածք և թույլ չեն տվել մոտենալ հանքին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին՝ «խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը կանխելու համար ոչ մի միջոց չձեռնարկվելու» պատճառով։


Նշենք, որ, ըստ առկա տեղեկությունների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Կաշենի հանքավայրը հանձնվել է բրիտանական Ango Assian Mining ընկերության շահագործմանը։


Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, առավոտյան սադրանքները շարունակվել են, մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Ըստ առկա տեղեկությունների՝ այնտեղ արդեն վրաններ են տեղադրվել։