24.11.2024
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամներն աջակցություն են հայտնել ՀՀ-ին
prev Նախորդ նորություն

Ոստիկանները կանխել են Պեմզաշենում սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տան հրկիզումը

Նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com–ը։


Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմանում նկատել են, որ մի քանի կին մոտեցել է նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Ոստիկաններին, սակայն, հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել, նրանք 5 կանանց տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։


Նշվում է, որ կանանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, եւ նա ցանկացել է վառել այն տունը, որը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։ Վերջինս մեղադրվում է պեմզաշենցի 31-ամյա կնոջ եւ նրա երկու անչափահաս երեխաների սպանության մեջ։


Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։


Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են 32-ամյա Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։