Փաշինյանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու կարևորության մասին:
«Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ», - կառավարության նոյեմբերի 10-ի նիստում հայտարարել է վարչապետ Փաշինյանը` պատասխանելով Ադրնեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին:
Նրա խոսքով, ապառազմականացման առաջարկ հայկական կողմն արել և անում է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի:
«Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի», - նշել է Նիկոլ Փաշինյանը: