ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները Արցախում են:
Կատարած այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ, ԱԺԿ, Արդարություն կուսակցության ներկայացուցիչների հետ։
Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու դրա հետևանքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացների խնդիրը։
Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով, կողմերը պայմանավորվել են աշխատել համագործակցության նոր ձևաչափերի շուրջ՝ առավել արդյունավետ դարձնելու միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Արցախի։
Նշենք, որ պատգամավորները, ըստ էության, Արցախ են մեկնել անմիջապես Երևանում նոյեմբերի 5-ին կայացած Միասնության հանրահավաքից հետո: Հանրահավաքը հրավիրվել էր ի աջակցություն Արցախի, այն ոգեշնչված էր հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով:
Հայաստանյան ընդդիմությունը, որքան էլ հայտարարում էր, որ հանրահավաքը Միասնության հավաք է, այն որևէ քաղաքական ուժինը չէ, այդպես էլ չկարողացավ հավաքել այն բազմությունը, որը ցանկանում էր: Սակայն ամբիոնից խոստացան, որ գործընթացները շարունակելու են, պայքարը շարունակվում է:
Մինչդեռ Արցախում, գրում է մամուլը, ստեփանակերտյան հուժկու հանրահավաքից հետո քաղաքական տրամադրությունների լուրջ փոփոխություններ են եղել։ Ընդ որում, փոփոխություններ են տեղի ունեցել նաև հանրային հատվածում։
"Մեր տեղեկություններով, Արցախում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացները, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ առաջիկայում արցախյան քաղաքական տիրույթում գլխավոր դերակատարը դառնալու է Ռուբեն Վարդանյանը։ Հավելենք նաև, որ այս օրերին Արցախում է գտնվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. մեր ունեցած տեղեկություններով, Սարգսյանը Արցախում, որպես կանոն, հանդիպում է ընկերներին, մարտական ընկերներին ու արցախյան բարեկամներին, սակայն այլ բնույթի քննարկումներ նույնպես ունենում է։ Հանդիպումների ժամանակ նրան մշտապես ուղեկցում է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը",- գրել էր, մասնավորապես, «Փաստ» օրաթերթը:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, Սերժ Սարգսյանն Արցախում է. այսօր՝ նոյեմբերի 7-ին, իր մայրիկի մահվան առաջին տարելիցն է: Սա է պատճառը նաև, թե ինչու Սերժ Սարգսյանը չմասնակցեց Միասնության հանրահավաքին: