25.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին
prev Նախորդ նորություն

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը:


Հանձնաժողովի նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիներին հանձնաժողովի նախագահությունը վստահվել է ինձ եւ փաստում եմ, որ համատեղ աշխատանքը եղել է դինամիկ եւ կառուցողական: Հանձնաժողովի գործունեությունը դրական դինամիկա է ստացել ՀԱՊԿ անդամ պետությունների համար օրակարգային հարցերն ամբողջացնելու գործում, ինչն անչափ կարեւոր է անվտանգության պահպանման, խորհրդարանական բաց հաղորդակցության համար»:


ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ եւ հետեւողականորեն աշխատում է մշտական հանձնաժողովում եւ ներկայացված փաստաթղթերին փորձագիտական գնահատականներ է տալիս: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի թեկնածությունը՝ հույս հայտնելով, որ ներկաները կպաշտպանեն իր առաջարկը:


«Վստահ եմ, որ հանձնաժողովի նոր նախագահը նույնպես կգործի տասնամյակների ընթացքում հաստատված մշտական հանձնաժողովի ավանդույթների ոգով՝ ի նպաստ խորհրդարանական երկխոսության զարգացման եւ ի շահ մեր ժողովուրդների»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:


Նիստի օրակարգը հաստատվելուց հետո քննարկվել են հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի ընտրության հարցերը: Երեք տարի ժամկետով հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, իսկ նախագահի տեղակալ՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը:


Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում իր նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար:


«Մեր ընդհանուր խնդիրը միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցում միջոցներ մշակելն է, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում խորհրդարանական փոխգործակցության ապահովման համար պայմանների ստեղծումը»,- փաստել է նա:


Հակոբ Արշակյանը մանրամասն անդրադարձել է 2021-2022 թթ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման առաջընթացին: Նշվել է, որ ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանն առաջնահերթ ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների արդիականացման, մոնիթորինգի, կանխատեսման եւ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման խնդիր է դրել: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Ղազախստանում տարեսկզբին հաջողությամբ եւ օպերատիվ իրականացված խաղաղապահ գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն ունակ է: Նրա խոսքով՝ միասնություն եւ համախմբվածություն այս պարագայում դրսեւորել են ՀԱՊԿ բոլոր պետությունները, ինչը պետք է արտահայտվի նաեւ կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության նկատմամբ:


Հակոբ Արշակյանը փաստել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման խորացմանը եւ փոխադարձ աջակցությանը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համակարգված մոտեցումների մշակմանը: Հայաստանի Հանրապետության մեկ այլ գերակայություն է ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետագա զարգացումը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է կազմակերպության խորհրդարանական փոխգործակցության դերը: Ըստ նրա՝ օրենսդրական աշխատանքի համակարգման անհրաժեշտություն կա:


Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ խաղաղության պահպանումը եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովումն ամենահրատապ խնդիրներն են ամբողջ մարդկության համար: «Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական մտադրության ֆոնին չեն դադարում Բաքվի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքները փոխարինվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ անթաքույց զավթողական նկրտումներով: Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կոպիտ խախտում է, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսում՝ տարածաշրջանային անվտանգությունը խաթարող ամենաանկանխատեսելի լայնածավալ հետեւանքներով»,- հավելել է նա:


Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ի պատասխան՝ հրավիրվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղում վերահսկելու եւ ուսումնասիրելու իրավիճակը:


Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպմանը՝ նա նշել է, որ ընդունված համատեղ հայտարարությունը հաստատում է բոլոր պայմանավորվածությունների պահպանման հանձնառությունը՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության եւ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար:


Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է վերապահվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական եւ հստակ արձագանքին: «Այս համատեքստում մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին հստակ եւ կոնկրետ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ի դեպ, դա արել են Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Անհրաժեշտ են արդյունավետ քայլեր՝ աջակցելու համաշխարհային հանրության ջանքերին՝ կանխելու նման գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալը:


ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում խոսել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ներուժով եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ՝ Թուրքիայի բացարձակ աջակցությամբ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով:


Բանախոսը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի մանրամասները, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, տուժել են քաղաքացիական անձինք, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ընդգծվել է, որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին, պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի՝ իրավիճակի մշտադիտարկմանը վերաբերող որոշումը, երբ արդեն կա անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստ, բացարձակապես այն արդյունքը չէ, ինչն ակնկալվում էր կազմակերպությունից: Նրա խոսքով՝ տպավորություն է, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքը, ՀԱՊԿ-ի համար չունի հավասար ռազմավարական նշանակություն: Այս համատեքստւմ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է Ղազախստանում հաջողությամբ իրականացված խաղաղապահ գործողությունը:


Պատգամավորն առաջարկել է ՀԱՊԿ ձեւաչափով հանդես գալ դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանը խախտողն է եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի, եւ նրան ագրեսոր անվանել: Նա կարեւորել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին որոշման ընդունումը, Հայաստանին հրատապ ռազմատեխնիկական օգնության տրամադրումը: Անդրանիկ Քոչարյանն անհրաժեշտ է համարել ՀԱՊԿ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը եւ բոլոր ռազմագերիների ու բռնի կալանավորված այլ անձանց վերադարձը:


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ներկայացրել է տեղեկատվություն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ տարեկան նստաշրջանում (2-6 հուլիսի, 2022թ., Բիրմինգհեմ) ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգման հանդիպման (2022 թ. հունիսի 28, տեսակոնֆերանսի ձեւաչափով) եւ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքների մասին:


Որպես Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը Քաղաքական հարցերի եւ անվտանգության ու Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի հանձնաժողովներին ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք, սակայն, մերժվել են: Դրանցից մեկը վերաբերել է ռազմագերիների խնդրին, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից չի լուծվել, թեեւ եռակողմ հայտարարության մեջ այդ մասին դրույթ կա: «Դրան բազմիցս անդրադարձել են տարբեր միջազգային կազմակերպություններ, եւ մենք պատճառ չենք տեսնում, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը զերծ մնար այս թեմային անդրադառնալուց»,-կարծիք է հայտնել Էդուարդ Աղաջանյանը:


Հաջորդ հարցը վերաբերել է մշակութային ժառանգության պահպանմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ դրա կարեւորությանը:


Զեկուցողի գնահատմամբ՝ այս առաջարկներն ուղղված էին միջազգային հանրության եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը հրավիրելու դեռեւս չլուծված խնդիրների վրա: Անընդունելի է համարվել ԵԱՀԿ ԽՎ-ի ուշադրությունը միայն ռուս-ուկրաինական հակամարտության վրա կենտրոնացնելը:


«Մենք հավատում ենք, որ միայն համատեղ ջանքերով խորհրդարանական վեհաժողովը կամրապնդի իր դերը՝ որպես առաջատար հարթակ կառուցողական երկխոսության եւ անվտանգության ամենահրատապ խնդիրների քննարկման համար ԵԱՀԿ տարածաշրջանում»,-փաստել է հանձնաժողովի նախագահը:


Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերել են կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանը, անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործմանն առնչվող նախագծերին, ընթացակարգային մի շարք հարցերի կանոնակարգմանն ու կազմակերպչական խնդիրներին:


Հանձնաժողովի հաջորդ հերթական նիստը կկայանա 2023 թ. գարնանը: