Հոգնել ենք ստատուսով պայքարողներից, իջե՛ք փողոց. Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան” խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է՝ անցնող երկու ամիսներին ընդդիմությունը ձեռքները ծալած չի նստել։
«Այո, մենք ունեցել ենք թե՛ պիկեր, թե՛ վայրէջքներ։ Բայց այս պայքարի պարտությունը հայ մարդու պարտությունը կլինի, ուստի կանգ չենք առնելու: Քաղաքական բոլոր ուժերին հրավիրում ենք հանրահավաքի։ Մենք չենք պահանջում համախմբում ինչ-որ քաղաքական ուժի շուրջ»,- նշեց նա՝ խոսելով նոյեմբերի 5-ին հրավիրված հանրահավաքից:
Սաղաթելյանը նշեց, որ Արցախում երեկ անցկացված հանրահավաքը իրենց պայքարին նոր թափ է հաղորդելու և իրենք նոր մոտեցմամբ ու ուժով են լծվելու պայքարին:
«Հոգնել ենք ստատուսով պայքարողներից, իջե՛ք փողոց, ստանձնե՛ք պատասխանատվություն:Սա գոյության պայքար է, և եթե մեկը կարող է դրան օգտակար լինել, պետք է մասնակցի։ Ոչ միայն պետք է մասնակցի, այլ նաև պետք է կոչ անի ժողովրդին՝ գալ ու մտնել պատասխանատվության տակ: Իջե՛ք փողոց, ստանձնե՛ք պատասխանատվություն։ Ասածս վերաբերում է բոլորին, ասում եմ անկեղծ ու բաց»,- շեշտեց նա:
Սաղաթելյանը վստահ է, որ պետք է լայն համախմբում։ Շեշտեց՝ խորհրդարանական ընդդիմությունը՝ "Հայաստան" ու "Պատիվ ունեմ" խմբակցությունները որևէ հարցում էական տարաձայնություն չունեն:
Անդրադառնալով հարցին, թե մարդիկ հոգնել են՝ ամեն անգամ դուրս են գալիս փողոց, հետո նրանց ուղարկում են տուն, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց՝ լավ գիտեն մարդկանց տուն ուղարկողներին, և դա իրենց չի վերաբերում.
«Մենք ժողովրդին պայքարի մղողն ենք ու մեր վճռականությունը չի սասանվել»,- հավելեց նա։