Հետևելով Վանաձորի շուրջ ընդդիմության հետընտրական բանակցություններին՝ ականատեսն ենք հերթական աթոռակռվի: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Վերջինս փաստում է, որ եթե «Լուսավոր Հայաստանի» համար իրոք գերնպատակ էր, որ քաղաքի հաջորդ ղեկավարը չլինի Հանրապետական, ապա նրանք պետք է համաձայնվեին «Հայկական Վերածննդի» առաջարկությանը և գային ընդհանուր հայտարարի:
«Իսկ հիմա պարզապես ականատեսն ենք հերթական աթոռակռվի: Ցավալի է, որ անգամ նոր կուսակցությունների պարագայում մտածելակերպի մեջ ոչինչ չի փոխվում»,- եզրահանգել է Աշոտյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ
Էդմոն Մարուքյանը կոչ արեց «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միանալ և առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու: «Հայկական վերածնունդը» իր հերթին պայման դրեց՝ կմիանան, եթե առաջիկա համապետական ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» կմիանա իրենց, ինչպես նաև, եթե հավասարապես կկիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը: ԲՀԿ-ի դիրքորոշումն ավելի հստակ էր՝ կուսակցությունը բացառում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հավանականությունը:
VERELQ-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց քվեները գնալու են ընդդիմությանը: Եվ եթե «Լուսավոր Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» գան ինչ-որ համոզման, ապա ԲՀԿ-ն պատրաստ է սատարել միասնական ընդդիմության կոնսոլիդացված լուծմանը:
«Եթե նույնիսկ հիմա միանանք «Լուսավոր Հայաստանին» կամ «Հայկական վերածնունդին», անհրաժեշտ քվե չի ապահովվելու քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար: Եվ հիմնական բանակցություններն այս պահին պետք է տանեն «Լուսավոր Հայաստանը» և ՀՎԿ-ն»,- նշեց նա:
Զոհրաբյանը կրկնեց՝ ԲՀԿ քվեները ՀՀԿ-ի թեկնածուին չեն գնալու, այլ գնալու են ընդդիմությանը:
Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե իրավիճակն այնպիսին է, որ բացառված չէ նոր ընտրությունների անցկացում Վանաձորում: Սակայն նրա եղբայր
Քրիստ Մարուքյանը, ով կայացած ՏԻՄ ընտրություններում ԼՀԿ ընտրական ցուցակն էր գլխավորում,
VERELQ-ին ասաց, որ չի կարծում, թե նոր ընտրություններ կլինեն: Փոխարենը ավագանու քվեարկությամբ քաղաքապետի թեկնածությունը կհամաձայնեցվի.
«Եթե քվեարկությունը նորմալ ընթանա, ձախողում կամ այլ իրավիճակներ չլինեն, ապա ձայների մեծամասնությունը ստացածն էլ քաղաքապետ է: Խնդիրը կլուծվի առաջիկա օրերին՝ մանդատները ստանալուց հետո առաջին իսկ նիստում»,- պարզաբանեց Մարուքյանը:
Նշենք, որ համաձայն ԿԸՀ հրապարակած տվյալների՝ Վանաձորում առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: