24.11.2024
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հոկտեմբերի 27-ի ոճրագործության հուշակոթողի մոտ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը դելիմիտացիայի և դեմարկացիայի գնալու նպատակ չունի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կարեւոր օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից, այսինքն` պայքարի, բնականոն զարգացման իր հնարավորությունից. անդրադառնալով սեպտեմբերյան վերջին ագրեսիայից հետո Ադրբեջանի գործողություններին` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներին` պատգամավորը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանն արդեն իսկ իր համար դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը, ըստ էության, ամբողջությամբ ավարտել է, եւ նա այլեւս դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալու նպատակ չունի: Ըստ Տիգրան Աբրահամյանի` Ադրբեջանը բռնազավթել եւ տեղակայվել է Հայաստանի այնպիսի հատվածներում եւ դիրքերում, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է:


Լրագրողը հետաքրքրվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո սահմանում տիրող իրավիճակով, ինչպես նաեւ հարցրել, թե արդյո՞ք կա լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելու սպառնալիք` հաշվի առնելով, որ այնտեղ դիտորդներ են տեղակայված: Տիգրան Աբրահամյանը նշել է, որ սահմանագծում էսկալացիայի կանխման առումով այս պահին ինքը լավատես չէ, լավատեսություն չի ներշնչում նաեւ դիտորդների առկայությունը` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:


Մեկ այլ հարցի պատասխանելով` պատգամավորն ասել է. «Քաղաքական հարթությունում եւ դիվանագիտական ճակատում գործընթացներն այնպիսի փխրուն հունով են ընթանում, որ որեւէ պարագայում, նույնիսկ` կարճաժամկետ կտրվածքով, լայնամասշտաբ ռազմական գործողություններ բացառելն ուղղակի հնարավոր չէ»: