24.11.2024
Հայաստան-Ռուսաստան լարվածությունը կարող է բերել Իրանի հետ հարաբերությունների վատացմանը
prev Նախորդ նորություն

Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը

Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։


Արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է․


«Ձերդ Վսեմություն Կարդինալ Պառոլին,


Խորապես զգացված ենք Սուրբ պատարագը նախագահելու, Երևանի ու Վատիկանի եղբայրական հարաբերությունների 30-ամյակը մեզ հետ միասին նշելու Ձեր որոշման համար։ Շնորհակալ եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ Ձեր ոգեշնչող խոսքերի և մեզ ուղղված մաղթանքների համար։


Ձերդ Երանելիություն,


Հոգևոր հայրեր և քույրեր,


Տիկնայք և պարոնայք,


Շնորհակալ ենք այստեղ ներկա գտնվելու համար՝ միասին աղոթելու Մարիամ Աստվածածնի վեհաշուք սրբապատկերի առջև՝ Հայաստանում խաղաղության համար։


Չնայած հակամարտություններին և հատկապես վերջերս հարևան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին և աղետներին՝ մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը:


Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, և հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները։


Գրեթե երեք տասնամյակ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում դարերից եկող փոխգործակցության և ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։


Ի թիվս այլոց, 2015 թ․ ապրիլին Ֆրանցիսկոս Պապի կողմից մատցուված՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ողջ աշխարհը, ինչպես նաև 2016թ․ հունիսին Սրբազան քահանայապետի` Հայաստան կատարած պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Մենք շատ հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, որին Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ:


Եվ ահա, կարդինալ, պետական քարտուղարի նախագահությամբ այսօրվա արարողությունը քրիստոնեությունը 301 թ․ որպես պետական կրոն ընդունած երկրի՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում է։


Նշեմ նաև, որ Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է մեր ներկայիս միջպետական կապերի զարգացման համար։ Մենք բարձր ենք գնահատում միջեկեղեցական շարունակական երկխոսությունը, և ես ուրախ եմ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասյանի, Հայ Առաքելական ու Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչների, Մխիթարյան հայրերի և Անարատ Հղիության հայ քույրերի ներկայությամբ։ Երախտապարտ ենք Ձեր աջակցության և նվիրական ջանքերի համար։


Ձերդ Վսեմություն,


Տիկնայք և Պարոնայք,


Այս կարևոր տարին հիանալի հնարավորություն է ընձեռում նշելու մեր ձեռքբերումներն ու վկայակոչելու մեր ընդհանուր արժեքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ Հայաստան-Սուրբ Աթոռ եղբայրական ուղին և համապարփակ երկխոսությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության ոգու վրա շարունակի հարատևել և մեզ բոլորիս աջակցի՝ կառուցելու արդարության և խաղաղության աշխարհ։


Շնորհակալություն»։