Իրան-ՀՀ-Վրաստան դաշինքը կարող է դառնալ իրական հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին. Ղազինյան
Հյուսիս-հարավ մուլդիմոդալ տրանսպորտային միջանցքը Հայաստանի կողմից պետք է հռչակվի ռազմավարական նշանակության նախագիծ, որի իրագործանը պետք է ուղղվեն բոլոր դիվանագիտական և տնտեսական ռեսուրսները: Այս նախագծին աջակցող բոլոր պետությոնները Հայաստանի բնական դաշնակիցներն են, իսկ դրան խոչընդոտող պետությունները՝ հակառակորդներ: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
"Այս նախագծի վրա պետք է ձևավորվի և իրացվի ՀՀ պետական շահը, դրա վրա պետք է կառուցվի ՀՀ անվտանգությունը, տնտեսական և արտաքին քաղաքականությունները. այն պետք է լինի ելակետ նշված ոլորտներում պետական քաղաքականության մշակման և իրագործման համար:
Ցանկացած խոչընդոտ այս նախագծին պետք է ճանաչվի ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք, որը ենթակա է վերացման ու չեզոքացման, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հարթություններում:
Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծման և գործնական իրագործման համար պետք է ամրացվի Իրան-Հայաստան-Վրաստան քաղաքական առանցքը, որին կարող են միանալ նախագծի պոտենցիալ շահառուներ Հնդկաստանը, ԵՄ անդամ պետությունները, իսկ հետագայում նաև Ռուսաստանն ու Չինաստանը, Պարսից ծոցի պետությունները:
Իրան-Հայաստան-Վրաստան դաշինքը կարող է դառնալ իրական հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին, ինչը կձևավորի ուժերի նոր հավասարակշռություն՝ հաստատելով նոր ստատուս-քվո և երկարատև խաղաղություն:
Հ.Գ. Թուրք-ադրբեջանական դաշինքի համար հյուսիս-հարավ միջանցքը գոյաբանական սպառնալիք է և նրանք բոլոր հնարավոր միջոցներով պետք է ձգտեն խափանել այն՝ փոխարենը կիրառության մեջ դնելով արևելք-արևմուտք միջանցքի նախագիծը՝ այսպես կոչված «զանգեզուրի միջանցքի» բացման և Սյունիքը Հայաստանից զավթելու միջոցով:
Եվս մեկ պատճառ, թե ինչու չի կարող խաղաղություն լինել Հայաստանի և ադրբեջանի միջև . . .",- գրել է Ղազինյանը: