Գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը. Միրզոյան
Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը:
Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ հաջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքիշխանության, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ:
Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը»,- ասաց Միրզոյանը:
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում Միրզոյանը շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը և այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Նորվեգիայի աջակցությունը:
«Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը»,- տեղեկացրեց Միրզոյանը: