Պետբյուջեի 2023 թվականի ծախսային մասն ավելացել է ավելի քան 1 մլրդ դոլարով. նախարար
Կառավարությունը վստահ է, որ 2023 թվականի բյուջեով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճը իրական ցուցանիշ է։ «Մենք կփորձենք հասնել ավելիին»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով, այսօր վստահաբար կարող են ասել, որ 2022 թվականի համար նախատեսված պետական բյուջեն գերակատարվելու է թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի առումով։ Քերոբյանը նշեց, որ 9 ամսվա արդյունքներով բյուջեի եկամուտները 77 մլրդ դրամով գերազանցել են նախատեսված մակարդակը, ինչը տնտեսական աճի բարձր տեմպերի հետեւանք է։
Հաջորդ տարվա համար, կառավարության ծրագրին համապատասխան, բյուջեով նախատեսված է 7 տոկոս տնտեսական աճ։ «Սակայն ներկայիս կոնյունկտուրան բազմաթիվ անորոշություններ է պարունակում։ Հետեւաբար, հնարավորությունները կարող են ավելի մեծ լինել, բայց ռիսկերը եւս մեծ են։ Մենք կփորձենք ավելին անել, քան նախատեսված էր»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով ՀՏՎ-ի եթերում։
Քերոբյանը նշեց, որ բյուջեի ծախսային մասը ավելացվել է ավելի քան 1 մլրդ դոլարով։ Այդ միջոցների հիմնական մասը կուղղվի պաշտպանության և սոցիալական կարիքներին։
«Տնտեսական աճի բարձր մակարդակը ենթադրում է գների աճ, քանի որ, ինչպես գիտեք, մենք գտնվում ենք բարձր գնաճային միջավայրում։ Ուստի սոցիալական ծախսերի զգալի աճն ուղղված է բնակչության սոցիալապես անապահով խավերի եկամուտների ավելացմանը»,- ասաց նախարարը։