Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը, այլ ոչ թե այլ պետություն. Վարդանյան
Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը, այլ ոչ թե որեւէ այլ պետություն: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը: Պատգամավորի խոսքով՝ մեր խնդիրը մենք պետք է լուծենք՝ համախմբելով մեր ուժերը:
Դրա համար պետք է երեք գործոն՝ անվտանգություն-բանակ, ներքին համահայկական համախմբում եւ արժանապատիվ արտաքին քաղաքականություն:
Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ասում էին, թե Հայաստանի սահմանները կարմիր գիծ են, եւ, եթե դա այդպես է, ինչո՞ւ չեն պահանջում դուրս գալ Հայաստանից, ապա նոր սկսել բանակցությունները:
Լրագրողների այն հարցին, թե որքան եք շարունակելու բոյկոտել ԱԺ նիստերը, Աղվան Վարդանյանն ասել է՝ իրենք Ազգային ժողով կգան իրենց օրակարգով, եւ դա կլինի այն ժամանակ, երբ ռեալ կտեսնեն դրա արդյունավետությունը: «Նպատակը մնում է նույնը, ասացի արդեն, ամենամութը լինում է լուսաբացից առաջ, չի կարող սա այսպես շարունակվել, լուծում լինելու է»,- ընդգծել է նա: Անդրադառնալով օրերս տեղի ունեցած ԿԸՀ նախագահի ընտրությանը` պատգամավորը նշել է, որ, միեւնույն է, եթե նույնիսկ թեկնածուին ընդդիմադիրները հարցեր տային եւ ելույթներ ունենային, ապա արդյունքը նույնն էր լինելու: