4.08.2025
Ինը ամիսների տվյալներով Հայաստան է ժամանել շուրջ 780,000 ՌԴ քաղաքացի. Արմեն Ղազարյան
prev Նախորդ նորություն

Ճապոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին` հաղթահարելու պատերազմի հետևանքները. դեսպան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։


Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ պատերազմից հետո Ճապոնիայի կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև 2022թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին տրված արձագանքին վերաբերող մանրամասներ։


«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետպատերազմյան ժամանակահատվածում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ գործընկեր ունենալով նաև Ճապոնիայի դեսպանությանը։ Սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում ևս ստացել ենք Ձեր աջակցությունը։ Պատրաստակամ ենք համագործակցել, ուսումնասիրել և քննարկել այն արդյունավետ ծրագրերը, որոնց կիրառումը հնարավորություն կտա կարգավորել ոլորտում առկա խնդիրներն ու արձանագրել հաջողություն»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։


Ըստ աղբյուրի՝ դեսպան Մասանորի Ֆուկուշիման ներկայացրել է վերջերս Գեղարքունիք կատարած այցի մանրամասները և շեշտել, որ պատրաստակամ են աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները։


«Հայաստանը Ճապոնիայի համար հանդիսանում է ժողովրդավար ու դեմոկրատ երկիր, որն ունի իրավունքի ուժի վրա հիմնված հասարակություն։ Հավաստիացնում ենք, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է իրականացնել տարբեր ծրագրեր՝ բարելավելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարիքները»,- նշել է դեսպանը։


Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ճապոնիայի կողմից տարեցների խնամքի հաստատություններին տրամադրվող աջակցության կարևորությունը, ինչպես նաև խոցելի խմբերի, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման հնարավորությունը:


Կողմերն անդրադարձել են ևս մեկ դրամաշնորհային ծրագրի, որի միջոցով կբարեկարգվի Խարբերդի մասնագիտացված մանկատունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխելու վերաբերյալ։

Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հակաադրբեջանական բանաձև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան