Քոչարյանն առաջարկում է 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի աշխատանքները երկարացնել
44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն առաջարկվում է երկարացնել ևս վեց ամսով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ՊՆ-ից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկ, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքներն իրականացնելու համար։
Քոչարյանն ասաց, որ ՊՆ ներկայացրած փաստաթուղթը պարունակում է շուրջ 3500 նմուշ օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, որոնք ունեն տասը հազար էջի չափ ծավալ, և դա էլ դեռ վերջնական չէ։
«Ուսումնասիրություններով ի հայտ եկած նոր հանգամանքներից կարիք է առաջանում ՊՆ-ից և պետական այլ մարմիններից ստանալ դրանցից բխող նոր փաստաթղթեր ու տվյալներ: Սպասվում է ծավալուն, բարդ աշխատանք, ուստի պետք է երկարաձգել հանձնաժողովի աշխատանքները»,- նշեց Քոչարյանն ու հավելեց, որ հանձնաժողովն արդեն կազմել է հրավիրյալների ցանկը, երկու նամակ արդեն իսկ ուղարկվել է: