ՄԻՊ-ը Վիկտորինին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունների մասին փաստեր
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին:
"Դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար։
Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում և զեկույցի փակ հատվածում տեղ գտած փաստերը՝ ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասներ, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքներ։
Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին:
Պաշտպանի խոսքով՝ զեկույցի հրապարակումից հետո փաստահավաք աշխատանքները շարունակվում են: ՄԻՊ-ի թիմերը սեպտեմբերի 17-ին այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած բնակավայրեր՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում: «Մեզ համար առաջին հերթին կարևոր է հանդիպել և զրուցել ադրբեջանական հարձակումից տուժած անձանց հետ»,- հանդիպման ընթացքում նշել է Պաշտպանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՄԻՊ-ին փաստերի հավաքագրման և ավելի վաղ ուղարկված զեկույցների համար։ Դեսպանը նշել է. «Շատ կարևոր է ունենալ փաստարկված տվյալներ, որ կարողանաք ասել՝ այո, սա փաստ է, սա ճշտված է»,- նշել է դեսպան Անդրեա Վիկտորինին:
Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և իր շնորհակալությունն է հայտնել դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին:
Հանդիպման ավարտին քննարկել են՝ ինչպես կարող են համագործակցության արդյունքում օգնել ադրբեջանական հարձակումներից տուժած անձանց":