25.11.2024
Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան
prev Նախորդ նորություն

Հայաստանցիների 64%-ը չի վստահում քաղաքական որևէ գործչի. IRI-ի հարցումը

Հայաստանցիների 64%-ը չի վստահում քաղաքական որևէ գործչի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում են հարցվածների 16%-ը, մյուս քաղաքական գործիչների նկատմամբ վստահությունը շատ ցածր է: Այդ մասին վկայում են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունները:


IRI-ը հարցում է իրականացրել Հայաստանում՝ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» կազմակերպության (CRRC Armenia) միջոցով։ Տվյալները հավաքագրվել են հեռախոսային հարցազրույցների միջոցով Հայաստանի տարածքում՝ 2022-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցմանն ընդգրկվել է Հայաստանի 1 499 բնակիչ։


Հարցվածների 42%-ը համարում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում, և միայն 31%-ն է կարծում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում։


Համաձայն ուսումնասիրության, հարցվածների 54%-ը ՀՀ ազգային անվտանգությունն ու սահմանային հարցերն է համարում երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրը։ Հարցվածների միայն 5%-ն է համարում, որ գլխավոր խնդիրը գործազրկությունն է։


Հայաստանցիների 64%-ը չի վստահում քաղաքական որևէ գործչի։ Ամենաշատ վստահությունը, այնուամենայնիվ, շարունակում է վայելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 16%:


ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանի խիստ բացասաբար է վերաբերվում հարցվածների 50%-ը։ Հակառեկորդի առումով երկրորդ հորիզոնականում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նկատմամբ խիստ բացասական կարծիք ունի հարցվածների 49%-ը։ Նիկոլ Փաշինյանի մասին խիստ բացասական կարծիք ունեցողները 22% են: Նույնքան մարդ Փաշինյանի մասին ունի նաև խիստ դրական կարծիք։


Հարցվածների 25%-ը պատասխանել է, որ չէր մասնակցի քվեարկությանը, եթե հաջորդ կիրակի լինեին խորհրդարանական ընտրությունները, 15% չէր տա իր ձայնը ոչ մեկին, 14%-ը դժվարացել է պատասխանել: Պատկերը վկայում է ընդլայնվող քաղաքական ապատիայի մասին:


Հարցվածների 25%-ը, որըն ըստ էության ամենամեծ ցուցանիշն է, ասել է, որ կքվեարկեր Քաղաքացիական պայմանագրի օգտին։ Հաջորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքն է՝ 6%-ով։ Մյուս քաղաքական ուժերը վստահության առումով չեն անցնում սոցիոլագիական սխալի`մինչև 3%-ի շեմը:


Իշխող ուժն ըստ մարզերի ամենաշատ աջակցությունն ունի Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Տավուշում՝ 35%, և ամենաքիչը Կոտայքում՝ 19%, և Երևանում ու Վայոց ձորում՝ 22-ական տոկոս։ Երևանում «Հայաստան» դաշինքի աջակցությունը 7% է, գյուղական բնակավայրերում` 6%, այլ քաղաքային բնակավայրերում`4%: