25.11.2024
Բավրայի մաքսակետը ժամանակավորապես չի գործի
prev Նախորդ նորություն

«իԳործ» ծրագրի մասնակիցների 70 տոկոսից ավելին մնում է Հայաստանում․ Զարեհ Սինանյան

Սփյուռքահայ 40 մասնագետներ ավարտել են ՀՀ կառավարման համակարգում աշխատանքը և ստացել վկայականներ: Նրանք արդեն մեկ տարի հայրենիքում էին Հայաստանի պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրով: Ծրագրի հանդիսավոր փակմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, պետական պաշտոնյաներ, ծրագրի մասնակիցների գործընկերները և այլք։


Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ 14 երկրներից ժամանած հայ մասնագետներն աշխատել են ՀՀ 19 պետական կառույցներում:


«իԳործ»-ի մասնակիցները ծրագրեր են իրականացրել հետևյալ ոլորտներում՝ գիտություն, էկոնոմիկա և ներդրումային քաղաքականություն, շրջակա միջավայրի պահպանություն, սոցիալական ապահովություն, հայրենադարձության աջակցություն և խթանում, սփյուռքի պարտատոմսերի պահանջարկի ուսումնասիրություն, թվային տնտեսության զարգացում և կրիպտոարժույթի վերաբերյալ հետազոտություն, հանրային ծառայությունների թվայնացում, ճանապարհային անվտանգությանն առնչվող ծրագրեր, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, կրթական համակարգ, առաջնային բուժօգնության ծառայությունների բարելավում, մարդու իրավունքների պաշտպանություն, կինոոլորտի զարգացում և այլն։


Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորեց ծրագրի բաղադրիչները՝ մասնագիտական հայրենադարձություն, պետական համակարգում սփյուռքի ներգրավվածության ապահովում և ուղեղների ներհոսք: «Միայն այն հանգամանքը, որ արդեն երկու տարի «իԳործ»-ականների 70 տոկոսից ավելին մնում է Հայաստանում, խոսում է ծրագրի արդյունավետության մասին: Նրանց մի մասը մնում է պետական համակարգում, մի մասն էլ աշխատանքի է անցնում մասնավոր հատվածում»,-նշեց Զարեհ Սինանյանը:


Այնուհետ ելույթներ ունեցան ծրագրի մասնակիցներից մի քանիսը և նրանց ղեկավարները: