25.11.2024
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում
prev Նախորդ նորություն

Պետական դավաճանություն. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:

Քրեական վարույթներով ձեռնակրված վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Վ. Ղ.-ն և Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում բնակվող Ի.Վ.-ն հավաքագրվել են օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, Վ.Ղ.-ն թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ:

Նրանք առանձին-առանձին հաղորդակցության տարբեր միջոցներով դիմել են Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով:

Նշված քրեական վարույթներով հավաքված ապացույցների հիման վրա հսկող դատախազի կողմից 2022թ. օգոստոսի 18-ին կայացվել են Ի. Վ.-ի և Վ. Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ:

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Որոշումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: