ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որևէ մեկը չի չեղարկել. ԱԳՆ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել»,- արձագանքելով Բաքվից հնչած կոշտ արձագանքին՝ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին նշանակելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ ու կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, պետքարտուղար Բլինքենը հայտարարեց՝ «Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»։
Ադրբեջանի արտգործնախարարությունից Բլինքենի հայտարարությունը որակեցին «տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրողություններից հեռու մոտեցում»։ Հայտարարեցին՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, իսկ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։
Վաշինգտոնից ի պատասխան Բաքվի հայտարարությունների վերահաստատեցին՝ դեսպան Ռիքերի նշանակմամբ «հանձնառու են նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով՝ հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը», ասել է Պետքարտուղարության Գլոբալ հանրային կապերի բյուրոյի փոխխոսնակ Վեդանթ Պատելը։
44-օրյա պատերազմից հետո մոտ երկու տարի եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Չնայած Հայաստանը պնդում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունը, Ադրբեջանը հրաժարվում է վերադառնալ բանակցություններին՝ հայտարարելով՝ նման հարց այլևս գոյություն չունի։