Ռումինիան մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին
Օգոստոսի 4-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Սենատի նախագահի պաշտոնակատար Ալինա Գորգիուին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հիմնված ինչպես փոխըմբռնման և դարավոր բարեկամական հարաբերությունների, այնպես էլ Ռումինիայում մշակույթի, գիտության, կրթության, տնտեսական, քաղաքական ու ռազմական ոլորտներում հայ համայնքի ներկայացուցիչների ունեցած նշանակալի ներդրման վրա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում առկա մարտահրավերները։
Տկն Գորգիուն վերահաստատեց, որ Ռումինիան մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին և եվրոպական օրակարգում այնպիսի կարևոր թեմաների առաջմղմանը, ինչպիսիք են կապը, թվայնացումը, մարդկանց միջև շփումները և տարածաշրջանային կայունությունը։
Դեսպան Մինասյանը հանգամանալից ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանխամտածված ագրեսիվ գործողությունների մանրամասները, որոնց արդյունքում հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ, ինչը հանդիսանում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտում։ Անդրադառնալով 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին՝ դեսպանը հատուկ կարևորեց միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու անհայտ կորածների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանման խնդիրներին։
Կողմերն երկուստեք ընգծեցին երկու երկրների միջև երկխոսության ընդլայնման անհրաժեշտությունն ինչպես բազմակողմ ֆորումներում, այնպես էլ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների շրջանակներում։
Հանդիպմանը կարևորվեց նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը, մասնավորապես, խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով:
Զրուցակիցներն անդրադարձան նաև հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու մի շարք այլ հարցերի։