25.11.2024
ԱՄՀ-ն Ադրբեջանում բանկերի փակում է կանխատեսում
prev Նախորդ նորություն

Օտտո Լյուխտերհանդտին. Ապրիլյան պատերազմը՝ Ադրբեջանի ագրեսիան էր Ղարաբաղի ժողովրդի դեմ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանում սեպտեմբերի 14-ին հյուրընկալել են միջազգային իրավունքի մասնագետ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտին: Վերջինիս, ում գիտական հետաքրքրությունը Ղարաբաղի ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ սկսվել է դեռեւս 1992-ին, Երիտխորհրդարանի անդամների համար հանդես է եկել զեկույցով՝ «Ադրբեջանի բլիցկրիգն ընդդեմ Արցախի եւ միջազգային իրավունքը» թեմայով:

Գերմանացի պրոֆեսորը նշել է, որ Արցախի Հանրապետությունը, միջազգային իրավական ճանաչում չունենալով հանդերձ, լիովին համապատասխանում է պետության սահմանման բոլոր չափանիշներին եւ անկախության այս տարիներին ապացուցել է իր կենսունակությունը:

Լյուխտերհանդտն ընդգծել է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները տարածվում են միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտների հանդեպ՝ անկախ նրանց ճանաչման կարգավիճակից, եւ ապրիլին Արցախի դեմ նախաձեռնած պատերազմով Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի մի քանի հիմնարար սկզբունքներ, մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Պրոֆեսոր Լյուխտերհանդտի խոսքով ապրիլյան պատերազմն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի ակտ էր, որի ամբողջ պատասխանատվությունը Բաքվի քաղաքական ղեկավարության վրա է:

Այնուհետեւ Երիտասարդական խորհրդարանի անդամները հետաքրքրվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տեսլականի, Արցախի եւ հետխորհրդային տարածքի մյուս չճանաչված պետությունների իրավական հիմքերի համեմատական վերլուծության եւ միջազգային հանրային իրավունքի հետ կապված այլ հարցերով: