«Access to care» բարեգործական-հասարակական կազմակերպության նորաբաց ստոմատոլոգիական պոլիկլինիկան անվճար ծառայություններ կտրամադրի 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնք վիրավորում են ստացել պատերազմի ընթացքում, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին:
Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 5 հասցեում հունիսի 29-ին տեղի ունեցավ կլինիկայի բացումը, որին ներկա էին ամերիկահայ բարեգործներ, «Access to care» բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիրներ Հարություն, Խաչատուր և Դավիթ Սարյանները, ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, շահառուներ, հյուրեր:
Բացման խոսքում Հարություն Սարյանն ուրախությամբ փաստեց, որ վերջապես իրականացվեց իր և իր տղաների երազանքը: «Ես միշտ նշել եմ, որ ամեն մարդ պիտի անի այն, ինչ կարող է և անի այնքան լավ, ինչքան հնարավոր է: Մենք որոշեցինք այս ձևով մեր երախտագիտությունը հայտնել մեր հերոս տղաներին և բացել այս բարեգործական կլինիկան, զբաղվել նրանով, ինչով կարող ենք»,- ասաց նա:
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը նշեց, որ անչափ ուրախ է այս միջոցառմանը ներկա գտնվելու համար, կարևորեց նախաձեռնությունն ու ներկայացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի շնորհավորական խոսքը, որում դեսպանը նշում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը կարևոր գործոն է և Միացյալ Նահանգների կառավարությունը այս հարցում պատրաստ է իր գործուն աջակցությունը ցուցաբերել:
«Այս կլինիկան Երևանում հենց առողջապահական ծառայությունների հասանելիությունն է ապահովելու: Դոկտոր Սարյանի կողմից այս կլինիկայի հիմնումը բխում է 44-օրյա պատերազմի հետևանքներից: Մենք հասկանում ենք, որ ռազմական գործողությունների հետևանքով կորսված կյանքերը կործանարար էին, և անշուշտ, այդ ընտանիքների ցավն ամոքելը դժվար կլինի, բայց այս կլինիկայի կողմից առաջարկվող ծառայությունները կօգնեն, որ նրանց առողջական վիճակը բարելավվի»,- ասաց նա՝ հավելելով, որ պոլիկլինիկան մի հարթակ է դառնալու, որտեղ իրենց փորձը կփոխանակեն հայ և ամերիկացի մասնագետները:
Կլինիկայի տնօրեն Հասմիկ Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնությամբ իրենք փորձում են այդ կերպ երախտապարտ լինել 44-օրյա պատերազմում քաջություն ցուցաբերած զինվորներին և նրանց ընտանիքներին: «Այս միտքը ծագեց 44-օրյա պատերազմից հետո` Սարյանների ընտանիքում, որին ճանաչում եմ մոտ 30 տարի: 2021 թվականի հունվարն էր, երբ դոկտոր Սարյանը տեղեկացրեց իրենց ընտանիքի որոշման մասին` բացել բարեգործական ատամնաբուժական կլինիկա Երևանում` առաջարկելով համագործակցել իրենց հետ: Դա ինձ համար մեծ պատիվ էր»,- նշեց Գրիգորյանը:
Ապրիլյան քառօրյա և 2022 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից Էդմոն Հովակիմյանն էլ հավելեց, որ հայրենիքը սկսվում է սահմանում կանգնած զինվորից: «Ունենք մի փոքր հայրենիք և պարտավոր ենք մեր ուժերի սահմաններում պահպանել այն: ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս կան մարդիկ, որոնք անում են ամեն ինչ երկրի համար: Քանի կան այդ մարդիկ, մենք դեռ կլինենք»,-ասաց Հովակիմյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:
Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում անվճար կատարվում են թերապևտիկ, օրթոպետիկ, վիրաբուժական բուժումներ: Շահառուների թվում են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները՝ կինը, ամուսինը, ծնողները, 14 տարեկանից բարձր երեխաները, ինչպես նաև վիրավորում ստացած զինծառայողները։