23.11.2024
Թովմասյանն անդրադարձել է Վանեցյանի մանդատից հրաժարվելու հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Քաղաքական դաշինք ստեղծելու լուրերը իրականությանը բացարձակ չեն համապատասխանում․ Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հերքում է մամուլի հրապարակումներն ու խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է քաղաքական դաշինք ստեղծել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։


«Քաղաքական դաշինք ստեղծելու խոսակցություններն ու ԶԼՄ հրապարակումներն իրականությանը բացարձակ չեն համապատասխանում:


Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է»,– ասաց նա:


Հիշեցնենք, որ մամուլում գրվում էր նաև, որ Արման Թաթոյանի հետ դաշինք է պատրաստվում կազմել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որը նույնպես հերքել է այդ տեղեկությունները։


«Նման բան չկա, Արման Թաթոյանը չի հայտարարել իր քաղաքական նկրտումների մասին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, նման որևէ պլանավորում չկա, ջերմ հարաբերություններ ունենք, ընկերներ ենք, բայց որևէ պայմանավորվածություն չունենք, ես ճանապարհը շարունակում եմ իմ ուղղությամբ, ինչպես ծրագրել եմ»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա:


Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել էր, որ վայր է դնում մանդատը, քանի որ այս խորհրդարանը դադարել է լինել երկիրն աղետից փրկելու նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։ Վանեցյանը նաև տեղեկացրել էր, որ իր ղեկավարած «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը կշարունակի գործունեությունը խորհրդարանից դուրս, սակայն դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։