Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության. պաշտպան
Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին հայտնում է Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
"Այսօր Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Բժշկական չափանիշի տեսանկյունից ծագած առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։ Վիրահատությունից հետո դատարան կներկայացնենք կալանքի հետ անհամատեղելիությունը պարզելու վերաբերյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն",- գրել է պաշտպանը։
Ըստ մեղադրական եզրակացության` Մանթաշյանը օրենքով չնախատեսված կարգով, առանց դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիությունը, 2020 թվականի ապրիլի 9-ին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հրապարակել է Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը:
Նարեկ Մանթաշյանի դեմ քրգործերից մյուսով նրան վերագրվել է դրոշի կողոպուտի մեղադրանք։