23.11.2024
Փաշինյանը փոխնախարարներ է նշանակել
prev Նախորդ նորություն

Տոյվո Կլաարը ողջունում և աջակցում է Ալիևի ռազմատենչ հայտարարությունները

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։


«Հաճելի էր կարդալ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը. «Եկել է ժամանակը խաղաղություն և համագործակցություն հաստատելու» և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «անցնելու գործնական իրականացմանը»։ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:


Նշենք, որ Կլաարի կողմից այսպիսի դրական արձագանքի արժանացած հայտարարության շրջանակներում Իլհամ Ալիեւը բավականին ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել եւ խոսել ռազմատենչ դիրքերից։ Բացի այն, որ Ալիևը հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի», և «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերացվել է 1991 թվականի վերջին Ադրբեջանի խորհրդարանի որոշմամբ», նա նաև ասել էր, որ «կարգավիճակի» հետ կապված ցանկացած հիշատակում կհանգեցնի նոր առճակատման»։


Ալիևն ընդգծել էր, որ «եթե Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը կասկածի տակ կդնի նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը»՝ հերթական անգամ հավակնություններ հայտնելով Սյունիքի մարզի նկատմամբ։


Ալիևը նաեւ հավելել էր, որ «Հայաստանում կամ մեկ այլ երկրում Մինսկի խմբի հետ կապված ցանկացած առաջարկ միայն զայրույթ է առաջացնում Ադրբեջանում»։


Եվ ահա, ըստ Կլաարի ստացվում է, որ ԵՄ-ն «վճռականորեն աջակցում է» Ալիևի՝ սպառնալիքներ պարունակող և բանակցություններում հայկական կողմի տեսակետի ցանկացած արտահայտումը բացառող հայտարարություններին։