Նիգավանի միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում. ոստիկանությունը հերքում է
ՀՀ ոստիկանությունից հերքում են, թե Նիգավանում տեղի ունեցած կրակոցները քաղաքական ենթատեքստ ունեն.
"Հունիսի 19-ին, ժամը 19:45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով, գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում",- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ըստ մամուլի՝ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի: