Կալանավորումից երեք օր անց դատարանը փաստաբաններին տրամադրել է «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշումը: Այն անհիմն է և կբողոքարկվի: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում տեղեկացրեց Ավետիք Չալաբյանի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Հարությունյանը:
«Որոշումը հիմնազուրկ է, նրանում պարզապես շարադրված են Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի կարգավորումները, ուղղակի «քոփի փաստ»-ով զետեղված է քննիչի միջնորդությունը` առանց որևէ հիմնավորման», - տեղեկացրեց փաստաբան Արթուր Հարությունյանը:
«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կալանավորվել է մայիսի 14-ին ընդդիմության հավաքներին «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի մի շարք հանգամանքներով»:
Չալաբյանի փաստաբանը պաստրաստվում է բողոքարկել կալանավորման որոշումը, քանի որ այն, նրա խոսքով, անհիմն է: «Որպես հիմնավոր կասկած որոշման հիմքում դրված է միակ վկայի հակասական ցուցմունքը և առերեսումը, որի ժամանակ այդ ցուցմունքները նա չի պնդել, ինչպես նաև անօրինական ճանապարհով ձեռք բերված վիճահարույց ձայնագրությունը», - նշեց փաստաբանը` նշելով, որ խոսքը մոնտաժված ձայնագրության մասին է, որը Քրեական դատավարության օրենսգրքով չի թուկլատրվում ներառել որպես ապացույց:
Ավելին, փաստաբանի խոսքով, կալանավորումն իրականացվել է մի հոդվածով, որը մեկ տարի առաջ ընդունված Քրեական օրեսգրքով ապաքրեականացվել է: «Նոր Քրեական օրենսգիրքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին», - ասաց նա:
Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, փաստաբանի խոսքով, դատարանն ուղղակի թվարկել է օրենսդրությամբ նախատեսված բոլոր հիմքերը` չառանձնացնելով որևէ մեկը կամ մի քանիսը: «Նշվում է, որ ազատության մեջ մնալու դեպքում Չալաբյանը կխուսափի քննությունից, կխոչընդոտի, կթաքցնի, կոչնչացնի ապացույցները, կազդի գործով անցնող այլ անձանց վրա, պատշաճ չի ներկայանա վարույթ իրականացնող մարմնին: Այսինքն` որքան հիմք կա, նշվել է` առանց որևէ հիմնավորման», - ասաց Հարությունյանը:
Փաստաբանը վստահեցրեց, որ կալանավորման որոշումը բողոքարկելու են, որն «առձեռն մուտք կարվի դատարան վաղը` մայիսի 18-ին»: «Հուսանք, սահմանված ժամկետներում դատական նիստը տեղի կունենա և որոշումը շատ չի ուշանա», - եզրափակեց Չալաբյանի փաստաբանը:
VERELQ-ը հայտնել է, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, խուզարկվել է նրա բնակարանը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է, իսկ մայիսի 14-ին կալանավորվել: Համաձայն Քննաչական կոմիտեի հայտարարության` Չալաբյանը կալանավորվել է «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար» վերտառությամբ համաձանցում տարածում գտած ձայնագրության հիման վրա:
Լրատվամիջոցները պարզել են, որ համաձայն շրջանառվող ձայնագրության, Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանը կազմակերպել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը Չալաբյանի հետ։ Համաձայն իրավապահների` նրանք Ագրարային համալասարանի ուսխորհրդի նախագահին ընդդիմության հավաքներին 2000 ուսանողի ներգրավելու դիմաց առաջարկել են 2 մլն դրամ:
Նույն գործի շրջանակում ձերբակալվել, սակայն մայիսի 14-ին ազատ է արձակվել Էմմա Սարգսյանը: