Որևէ քաղաքական ճնշում, քրգործ չեն կարող շեղել ինձ մղվող պայքարից. Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից.
"Շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին:
Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից:
Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնվել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհները ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ և դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձությունը:
Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմորեն ողջունում եմ և համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաև` կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ",- ասված է Չալաբյանի հայտարարության մեջ: