«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, կարևորելով իր պատանի կրթաթոշակառուների մշակութային բազմակողմանի զարգացածությունը, հայ ժողովրդի պատմության, գիտական և գրական ժառանգության իմացության անհրաժեշտությունը՝ նախաձեռնել էր կրթաթոշակառուների այցելություններ թանգարաններ:
Մոտ մեկ ամիս տևողությամբ ծրագիրը, որը մեկնարկել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելությամբ, ավարտվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ողջ հայության հոգևոր սրտում: Այստեղ հիմնադրամի կրթաթոշակառուներին ընձեռվեց եզակի հնարավորություն հյուրընկալվել Վեհարանի «Ոսկեդարան» ցուցասրահում, որը հազվադեպ է իր դռները բացում այցելուների համար:
Կրթաթոշակառուներն այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան և արձակագիր, բժիշկ, Եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի թանգարան:
Հիմնադրամի նախաձեռնած ծրագրի շրջանակներում, կրթաթոշակառուներն այցելել են գեղանկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի թանգարան, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, երաժշտահասարակական գործիչ, մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, կինոռեժիսոր, սցենարիստ, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի թանգարան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ», Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
«Մանկուց թանգարաններ այցելությունները մեր ընտանիքում եղել է ընդունված մշակույթ: Բայց այս անգամ իրոք տպավորությունները միանգամայն այլ էին: Շատ տպավորված եմ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան այցելությունից, քանի որ նրա արվեստը, երգերը շատ եմ լսում և սիրում: Աննկարագրելի հաճույք է գտնվել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: Ավելի սիրեցի Սարյանի կտավներն ու գույները, ավելի խորը ճանաչեցի: Բոլոր մեր այցերը ուսուցանող էին, հետաքրքիր, արժեքավոր, հոգումս հետք թողող: Ուզում եմ առանձին անրադառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանին. ցնցված էի այստեղի հավաքածուով: Իմացա, որ այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտոնական թանգարանը», - իր տպավորություններով կիսվեց կրթաթոշակառու, ֆլեյտահար Վիկտորիա Պետրոսյանը:
«Արդեն ավանդույթ է դարձել, որ հիմնադրամի նախաձեռնությամբ այցելում ենք Հայաստանի բազմաթիվ թանգարաններ` մոտիկից ծանոթանալու հայոց պատմությանը, հայ մեծանուն գրողների, կոմպոզիտորների, նկարիչների ստեղծագործություններին, կյանքին ու գործունեությանը»,- նշեց կրթաթոշակառու, թավջութակահար Ալեքս Գրիգորյանը։
«Թանգարաններ մեր այցելությունները շատ մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա։ Այս մեկ ամսում մենք իմացանք և վերհիշեցինք շատ հետաքրքիր և կարևոր բաներ, իմացանք հայտնի և մեծանուն մարդկանց կյանքի մասին, ծանոթացանք հայկական պատմության կարևոր ժամանակաշրջաններին, արվեստի տարբեր ճյուղերին, վերհիշեցինք մեր ակունքները»,-ասաց կրթաթոշակառու, ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։
«Յուրաքանչյուր թանգարան մի ոգեշնչում է և ինքնատիպ փորձառություն։ Թանգարանն էր կան, որ անվերջ կարելի է այցելել և ամեն անգամ մի նոր բան բացահայտել», - հավելում է կրթաթշակառու, դաշնակահար Սվելանա Հակոբյանը։
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ մշակութային օջախներ ճանաչողական այցելությունները հիմնադրամի կրթական ծրագրի մի մասն են և լինելու են շարունակական: «Երաժիշտը պետք է լինի բազմակողմանի զարգացած, դա ժամանակի հրամայականն է, իսկ եթե խոսում ենք հայ երաժշտի մասին` նա հայ ազգային արժեքների կրողն է և հետագայում նաև մշակութային դեսպանը մեր երկրի ամբողջ աշխարհում: Այս այցելությունները ևս մեկ առիթ են արժևորելու մեր մշակութային և հոգևոր արժեքները: Մեր պատանի տաղանդները պետք է լավ իմանան ով է հայը, որտեղից է նա գելիս և ինչ առաքելություն ունի իր ուսերին»,- նշեց Աննա Տեր-Հովակիմյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակներում, կրթաթոշակառուներն այցելել են մեկ տասնյակից ավել թանգարաններ և սա դեռ վերջը չէ:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայություն