Եթե Թուրքիան սկսի նախապայմաններ առաջ քաշել, մենք կդադարեցնենք գործընթացը. Վիգեն Խաչատրյան
Սահմանի բացումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ամենևին չի նշանակում, որ «Հայաստանը կդադարի խոսել Հայոց ցեղասպանության մասին»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել»,- ասաց նա՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ մղելու հարցը։ Հարցին, թե ինչու նման դեպքում Հայաստանը չի բարձրացնում Ցեղասպանության ճանաչման հարցը, Խաչատրյանն ասաց. «Որովհետև մենք պայմանավորվել ենք սկսել գործընթացը առանց նախապայմանների»։ Լրագրողների նկատառմանը, թե ինչու է այս դեպքում Թուրքիան նախապայմաններ դնում և հայտարարում, որ իր քայլերը համաձայնեցնելու է Բաքվի հետ, պատգամավորը հանգիստ նկատեց. «Դա նրանց իրավունքն է, ում հետ ուզում են, թող համաձայնեցնեն, դա մեզ ոչ մի կերպ չի սահմանափակում։ Եթե նրանք սկսեն նախապայմաններ առաջ քաշել, մենք կդադարեցնենք գործընթացը»։
Խաչատյանն ընդգծեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները չեն քննարկում Արցախին վերաբերող հարցեր, այլ դիտարկում են միայն բանակցություններին նախապատրաստվելու ուղիներ, որոնց նպատակը կլինի սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Նրա խոսքով, թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմից նախապայմանների քննարկումը կհանգեցնի հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացի ձախողմանը։ «Մենք ոչ թե պետք է հայտարարենք, թե ինչ ենք ուզում, այլ մտածենք, թե ինչ հարցեր կարող ենք լուծել՝ հիմքում դնելով Արցախի ժողովրդի բոլոր իրավունքների ու ազատությունների երաշխիքները»,- ասաց նա։
Հայ-թուրքական գործընթացից, ըստ Խաչատրյանի, իշխող կուսակցությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի ապաշրջափակում։ «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատի իր բոլոր հարևանների հետ, չունենա փակ սահմաններ, բոլոր խնդրահարույց հարցերը լուծվեն երկխոսության, ոչ թե ռազմական գործողությունների միջոցով»,- ասաց նա։