Ռուսաստանը երաշխավորում է աջակցություն Հայաստանի անվտանգության ապահովման գործում. սենատոր
Ռուսաստանը կառուցողական երկխոսության և բարիդրացիության նպատակ ունի ԱՊՀ բոլոր երկրների հետ հարաբերություններում: Դրանց թվում մեր առանցքային ռազմավարական գործընկերներից մեկը Հայաստանն է։ Այդ մասին իր Telegram ալիքում գրել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը։
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրների երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Երեսուն տարի առաջ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, և այդ ժամանակվանից Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը, գործընկերությունը, համագործակցությունը միայն ամրապնդվեց։ Մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի միջոցով և երաշխավորում ենք աջակցություն Հայաստանի անվտանգության ապահովման գործում այն դեպքերում, երբ վտանգ է սպառնում նրա ամբողջականությանը, անկախությանը, ինքնիշխանությանը։ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը ասիական տարածաշրջանն արտաքին ագրեսիայից պաշտպանելու ֆորպոստ է։
Երբ 2020 թվականի աշնանը կրկին բռնկվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և հարևան վիճելի տարածքների շուրջ, Ռուսաստանը անգնահատելի և վճռորոշ ներդրում ունեցավ դրա խաղաղ կարգավորման գործում։ Այժմ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, կանխում է ռազմական գործողությունների կրկնությունը և խաղաղ բնակչության հնարավոր ցեղասպանությունը։
Փաստորեն, մեր նախագահի ընտրած արտաքին քաղաքականության վեկտորի շնորհիվ Ռուսաստանը վերագտավ պաշտպանող երկրի իր դարավոր կարգավիճակը։ Այն ժողովուրդները, որոնց խնդիրներն խնդիրներն անտեսվում են համաշխարհային հանրության կողմից, այսօր հույսը դնում են Ռուսաստանի և նրա առաջնորդի վրա։
Վաղը ես և իմ սենատորները թռչում ենք Հայաստան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների համար։ Շատ հարուստ ծրագիր է սպասվում»,- գրել է սենատոր Բոնդարեւը։