Ապրիլի 19-ին Արժույթի միջազգային հիմնադրամը կրճատել է 2022 և 2023 թվականների համաշխարհային աճի կանխատեսումները՝ ասելով, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության տնտեսական հարվածը կտարածվի ամբողջ աշխարհում, գրում է Finversia.ru-ն։
Վաշինգտոնում գործող հաստատությունն այժմ կանխատեսում է համաշխարհային տնտեսության 3,6% աճ այս տարի և նույնը 2023 թվականին: Սա 0,8 և 0,2 տոկոսային կետով նվազ է նախորդ տարվա հունվարին հրապարակված նրա կանխատեսումներից։
Այս շաբաթվա սկզբին Համաշխարհային բանկը նույնպես նվազեցրեց իր համաշխարհային աճի ակնկալիքները՝ 2022 թ. աճի կանխատեսումը նախապես կանխատեսված 4,1%-ից իջեցնելով 3,2%:
Սպասվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կդանդաղեցնի տնտեսական աճը և կբարձրացնի գնաճը, ասվում է ԱՄՀ-ի վերջին՝ World Economic Outlook զեկույցում, միաժամանակ զգուշացնելով, որ կանխատեսումը նշանավորվել է «անսովոր բարձր անորոշությամբ»:
Ռուսական էներգետիկայի նկատմամբ հետագա պատժամիջոցները, Չինաստանում կանխատեսվածից ավելի կտրուկ դանդաղումը և Covid-19 համաճարակի նոր բռնկումը կարող են ավելի դանդաղեցնել աճը և բարձրացնել գնաճը, իսկ գների աճը կարող է առաջացնել սոցիալական խժղդժություններ:
ԱՄՀ-ն հայտարարել է, որ պատժամիջոցները «լուրջ ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսության վրա», ըստ որի՝ երկրի ՀՆԱ-ն այս տարի կնվազի 8,5%-ով, իսկ 2023 թվականին՝ 2,3%-ով:
Սակայն հիմնադրամը ուկրաինական տնտեսության համար էլ ավելի մռայլ գնահատական է կանխատեսում։
«Սպասվում է, որ 2022 թվականին Ուկրաինայի տնտեսությունը կնվազի 35 տոկոսով», - ասվում է ԱՄՀ-ի վերջին տնտեսական գնահատման մեջ՝ հավելելով, որ տնտեսական ազդեցության ավելի ճշգրիտ վերլուծությունը «անհնար է»:
Ակնկալվում է, որ գլոբալ աճը միջնաժամկետ կտրվածքով կնվազի մինչև 3,3%:
Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինշան նշում է, որ համաշխարհային տնտեսության հեռանկարը վատթարացել է հիմնականում Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության պատճառով: