Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն անհույս չէ, ճիշտ քայլերով հնարավոր է շտկել իրավիճակը: Այս մասին Review ծրագրին տված հարցազրույցում ասել է նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչության անդամ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով, չնայած աշխարհում առկա աշխարհաքաղաքական գործընթացների բոլոր դժվարություններին, սպառնալիքների հետ մեկտեղ, դրանք պարունակում են նաև հնարավորություններ, որոնցից Հայաստանը կարող է օգտվել։ «Երբ ասում եմ, որ Նիկոլն ու նրա թիմը դավաճաններ են, նկատի ունեմ նաև, որ այդ հնարավորություններն այսօր կան։ Նրանք անում են միայն այն քայլերը, որոնք բխում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերից»,- ասել է Զաքարյանը։
Նա վստահ է, որ իշխանությունները հիանալի տեսնում են, թե ինչ հնարավորություններ կարող են օգտագործել, ընդ որում՝ արտաքին որոշակի ուժեր իրենց այդ հնարավորություններն են առաջարկել։
«Այսօր մենք հնարավորություն ունենք վերականգնելու մեր զինված ուժերը, մինչդեռ գործող իշխանությունները, ընդհակառակը, ոչնչացնում են դրանք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը վերականգնելու հնարավորություն կա, ընդհակառակը, ավելի են շփոթում ամեն ինչ։ Հայաստանի համար անվտանգության նոր միջավայր ձևավորելու հնարավորություն կա՝ ամրապնդելով համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և այլ բարեկամ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ»,- ասաց Զաքարյանը։
Զաքարյանը վստահ է, որ վարչապետը Բրյուսելում հստակ հանձնարարականներ է ստացել՝ արագ և ամեն գնով կնքել խաղաղության պայմանագիր։ Դա անհրաժեշտ է ԵՄ-ին՝ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու համար։ Սակայն նման գործողությունները, ի վերջո, կհանգեցնեն նրան, որ «Հայաստանը կպոկվի միջազգային քաղաքականությունից, կդառնա անդեմ ու կկորցնի ձայնի իրավունքը»։
Ավելին, Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելը լուրջ սպառնալիքներ կստեղծի Հայաստանի համար, կարծում է հանրապետականը։ Արդյունքում Հայաստանը գործնականում կհայտնվի Թուրքիայի անմիջական վերահսկողության տակ, հենց Անկարան է «նշանակելու» ղեկավարներին Հայաստանում։