ՀՀ և Ղրիմի տուրիստական գործակալությունները ստորագրել են համագործակցության համաձայնագրեր
Ղրիմի և Հայաստանի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել թերակղզու պատվիրակության Երևան կատարած այցի շրջանակներում։
Այս մասին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ – ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, փոխանցում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Երևանում Ղրիմի Հանրապետության տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները հայ գործընկերներին ներկայացրել են մեր թերակղզու զբոսաշրջային ներուժը։ Շնորհանդեսի արդյունքում ստորագրվել է հինգ պայմանագիր Ղրիմի Հանրապետության տուրիստական ընկերությունների և հյուրանոցների և Հայաստանի Հանրապետության տուրիստական ընկերությունների միջև»,- ասաց փոխվարչապետը։
Իրինա Կիվիկոն նշեց, որ Հայաստանից զբոսաշրջիկները կարող են Ղրիմ գալ հանգստի և բուժման համար արդեն այս տարվա հանգստյան սեզոնին։