Այսօր Ռուսաստանի վրա ճնշում է գործադրվում, պատերազմը ոչ միայն տնտեսական է, այլեւ քաղաքական։ Այս պատերազմն ուղղված է ԱՄՆ-ի գերիշխանության պահպանմանը, և ընկած է այն իրավիճակի հիմքում, որին բախվում է ողջ աշխարհը: Այս մասին «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները Ռուսաստանին կոլեկտիվ Արևմուտքի կողմից տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով, Ռուսաստանը միշտ դեմ է եղել և շարունակում է ընդդիմանալ ցանկացած տեսակի հեգեմոնիային, Ռուսաստանը կողմ է փոխշահավետության սկզբունքներով հարաբերությունների զարգացմանը, բայց, ցավոք, «նման գիծ մեր արևմտյան գործընկերները չեն որդեգրել»:
«Արդյունքում մենք ունենք ներկայիս իրավիճակը: Ռուսաստանի դեմ քաղաքական և տնտեսական պատերազմ է ընթանում, որը կատալիզատոր է աշխարհում այն փոփոխությունների համար, որոնք վաղուց սպասված են և հակասում են ամերիկյան հեգեմոնիայի մոդելին։ Դրանք փոփոխությունների լուրջ նախադրյալներ են ստեղծում աշխարհում»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ի ստեղծումը գրեթե համընկավ հակառուսական առաջին պատժամիջոցների հետ։ Հետո տեղի ունեցած կորոնավիրուսի համաճարակը, բայց չնայած բոլոր խնդիրներին, որոնց բախվեց ամբողջ աշխարհը, ԵԱՏՄ-ն շարունակեց զարգանալ և ցույց տվեց իր արդյունավետությունը։ «Ներկայիս պատժամիջոցներն աննախադեպ են իրենց մասշտաբներով: Բայց այս իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու ինտեգրումը եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում, ինչի մասին խոսեց նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ընդգծել է ՌԴ դեսպանը:
Կոպիրկինը նաև նշել է` Մոսկվայում հասկանում են, որ Ռուսաստանին մեկուսացնելու գիծը կիրականացվի նաև դաշնակիցների միջոցով, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի:
«Մենք ակնկալում ենք, որ մեր շահերի ընդհանրությունը, մեր տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն ըմբռնում, որ պետք է միասին մնալ, միասին զարգանալ։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել ամեն ինչ և նույնիսկ ամրապնդել։ Համոզված եմ, որ բոլոր ուղղություններով կգտնվեն անհրաժեշտ լուծումներ»,- հայտարարեց նա։