Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքը, որի մասնակցում է նաև երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Մինչև հանրահավքի մեկնարկը Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի, մասնավորապես նշելով, որ իրավիճակը Հայաստանում և Արցախում մտահոգիչ է, որ հակառակ դեպքում «հազարավոր մարդիկ այստեղ չէին լինի»:
Նա անդրադարձել է նաև մարտի 6-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ առկա քննարկումներին: «Չեմ կարծում, որ նրանց կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրացող երկիր», - ասել է Սարգսյանը` հավելելով, որ չի կարող ենթադրություններով զբաղվել և կանխագուշակել Բրյուսելում հանդիպման ելքը:
«Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի: Օդում կախված են, իհարկե, այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, - ասել է նա: - Այսպիսի կոնֆլիկտները հեշտ չէ նույնիսկ 30, 40, 50 տարում լուծելը: Ինչքան կարողացել ենք, այդ լուծումը մոտեցրել ենք: Մեր մեղավորությունը չէ, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ասացին, որ իրենց կետից են սկսում, ձեր գործը չի՝ ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք: Դրա համար հասանք այս վիճակին»:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե իրենք ժամանակին բանակցել են տարածքները հանձնելու շուրջ, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել, ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ: Դրանից ելնելով, այո, մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»: