ՀՀ ԱԽ քարտուղարը Լիտվայում պայմանավորվել է համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարում
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակներում մարտի 31-ին հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
«ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ:
Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ կողմերն ընդգծել են դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև կեղծ տեղեկատվության ռիսկերը, և ԱԽ քարտուղարն մանրամասն ներկայացրել է հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում: