Փոխվարչապետը քննարկել է "Մասդար" և "Քարֆուր"-ի հետ համագործակցության ընդլայնումը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մարտի 29-ին հանդիպել է էմիրաթական «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։
Ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «Այգ-1»` 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել են, որ կայանի կառուցումն ու գործարկումը` անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, նախատեսում են ավարտին հասցնել մինչև 2023թ-ի դեկտեմբեր:
Ընկերությունը տեղեկացրել է նաև իր` արևային և քամու էներգիայի արտադրության ուղղությամբ համագործակցության ընդլայնման մտադրությունները:
Նույն օրը փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է նաև Քարֆուրի Կառավարությունների հետ հարաբերությունների գծով ավագ փոխնախագահ Յունիս Ալ-Մուլային և միջազգային զարգացման գծով փոխնախագահ Պիեռ Կասիմատիսին։
Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Քարֆուրը, հանդիսանալով էմիրաթական «Majid Al Futtaim» հոլդինգի մաս, նախատեսում է աստիճանաբար ընդլայնել իր գործունեությունը` համաձայն ընկերության կողմից 2021թ-ին ընդունված քառամյա զարգացման պլանի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի` դեպի ՀՀ մարզեր ընդլայնվելու հնարավորությունը, ինչպես նաև հայկական ապրանքները Քարֆուրի համաշխարհային ցանցի միջոցով վաճառելու հնարավորությունները: