Արցախի ԱԺ-ն բարձր է գնահատել ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը
Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը:
"Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։ Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։
Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։
Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր",- ասված է հայտարարության մեջ: