VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ չէ համառ եւ հետեւողական պայքար տանել անգամ խորհրդարանի պատերի ներսում։ Տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի վերջին թափուր տեղի համար էլ է թեկնածու առաջադրել, չնայած, ըստ օրենքի, այդ տեղը լրացնելու իրավունքը վերապահված էր ընդդիմությանը։ Երեկ արդեն խմբակցությունը հանդիպում է ունեցել ՔՊ-ական թեկնածուի հետ։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուն Մարիամ Կարապետյանն է, որի մասին համացանցային որոնման արդյունքում պարզեցինք, որ նա 2020 թվականից ԵՊՀ ժուռֆակի նոր՝ մեդիա եւ հաղորդակցություն ամբիոնի դոցենտ է։ Հիշեցնենք, որ ՀՌՀ անդամի 3 թափուր պաշտոններից երկուսն անցած ամիսներին ՔՊ-ն արդեն համալրել էր՝ առաջադրելով եւ ընտրելով 90-ականների մշակույթի նախարար Հակոբ Մովսեսին ու ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին։ Երրորդ տեղը, ըստ Դոնթի բանաձեւի, կարող էր համալրել խորհրդարանական ընդդիմությունը, սակայն երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Լիլիթ Գալստյանը մեզ փոխանցեցին, որ դա քվոտավորված չէ, եւ պարտադիր չէ, որ ընդդիմությունը լրացնի։ Ընդդիմությունը երեք անհաջող փորձ ձեռնարկեց այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու՝ Ռուբեն Հակոբյան, Մանվել Բադալյան, որոնց ՔՊ-ն մերժեց։ Փետրվարի 22-ին ՔՊ-ական հանձնաժողովը մերժեց նաեւ Para TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանին, ուստի ընդդիմությունը հրաժարվել է այլ թեկնածու առաջարկելուց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ Թատրոնի համաշխարհային օրը, օպերային թատրոնում «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր։ Կառավարական օթյակում էին ԿԳՄՍ նախարարը, Երեւանի քաղաքապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով նստած էր թզբեհը ձեռքին։ Ամիսներ առաջ էլ Փաշինյանն էր ԱԺ գնացել թզբեհով, որը, փաստորեն, վարակիչ է եղել, եւ յուրայինները սկսել են ընդօրինակել նրան։ Առհասարակ՝ առաջին դեմքի օրինակը միշտ է վարակիչ եղել։ Նույնկերպ Տեր-Պետրոսյանի ժամանակ մարդիկ սկսեցին մուշտուկ օգտագործել, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սկուտեր վարելը մոդայիկ դարձավ։ Էլ չենք խոսում առաջին դեմքի նման խոսելու, նրա բառապաշարն ընդօրինակելու փորձերի մասին։ Ուստի պետք չէ զարմանալ, որ հանրային խոսքի գռեհկաբանություններն ու հայհոյախոսությունն այսօր աղետալի չափերի են հասել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին ականատես եղանք մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը հերքում էին իրար։ Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակն Արցախում, եւ ադրբեջանական զորքերն այլեւս Փառուխ գյուղում չեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքը, սակայն, չուշացավ։ Նրանք նշեցին, որ ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում ու կից լեռնային շրջաններում «փոփոխություն չեն կրել»: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ն ամեն միջադեպ չէ, որ կարող է կարեւորել։ «Այժմ էլ այնպիսի իրավիճակ է, որ սխալ հաշվարկ անելով՝ կարող ես հայտնվել վտանգի առջեւ»,- նշեց ռազմական փորձագետը։ Խրամչիխինի կարծիքով՝ սովորաբար Հայաստանում կամ մեկ այլ երկրում դժվար են հասկանում, որ ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները, որոնք բազմապլան են եւ շատ լայն»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բրյուսելում հրավիրվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովը: Հասկանալի է՝ հիմնական թեման ռուս-ուկրաինական հակամարտությունն է: Այսուամենայնիվ, նման խոշոր հավաքները կարևորագույն հարթակ կարող են դառնալ միջազգային հանրությանը հասցնելու Ղարաբաղյան հակամարտության ներկայիս գործընթացները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը, ներառյալ՝ ստեղծված հումանիտար ճգնաժամը, խաղաղ բնակչության դեմ Բաքվի կողմից իրականացվող հանցագործությունները, մշակութային ցեղասպանության ակնառու դրսևորումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում դեռևս հայ ռազմագերիներ են պահվում: «Փաստ» թերթի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հատկապես այս տեսակետից բրյուսելյան գագաթաժողովը մեկնարկային «քննություն» է եղել հատկապես նորանշանակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի համար, քանի որ նշանակումից հետո սա նրա առաջին պաշտոնական այցն էր: Մեր տեղեկություններով, չնայած, ինչպես նշեցինք, հիմնական թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը, դա չի խանգարել, որ Մարուքյանը «հաջողացնի» ներկայացնել Արցախի խնդիրները, Ադրբեջանի ահաբեկչական վարքը՝ նշելով, որ փաստացի Արցախում պատերազմը չի ավարտվել: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, բավականին անհատական հանդիպումներ են եղել ԵՄ երկրների տարբեր կուսակցությունների ղեկավարների և, ընդհանրապես, կարծիք ձևավորող ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հնարավոր է առաջիկայում վայր դնի մանդատը։ Երեկ ՔՊ խմբակցության նիստում, մեր տեղեկություններով, քննարկվել է Բեղլոյանին ՏՄՀ՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։ Մեզ ասացին, որ Բեղլոյանն է նման ցանկություն հայտնել, ինչն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ պատգամավորի մանդատը դժվար թե որեւէ մեկն ինքնակամ փոխեր շարքային հանձնաժողովականի պաշտոնով։ Մենք կապ հաստատեցինք Բեղլոյանի հետ, ով, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը՝ հորդորելով հետեւել պաշտոնական լրահոսին։ «Կհորդորեմ՝ հետեւեք պաշտոնական լրահոսին եւ դրանից եզրակացություններ անեք, դեռեւս որեւէ բան չեմ կարող ասել»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ իսկ Դուք ի՞նչ կապ ունեք տնտեսական մրցակցության ոլորտի հետ, ասաց․ «Որեւէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»։ Անուշ Բեղլոյանը ժամանակին աշխատել է Արմենտելում՝ ղեկավարել է հասարակայնության հետ կապերի բաժինը, ԵԽ եւ ԵՄ տարբեր ծրագրերի խորհրդատու եւ փորձագետ է եղել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Վեդիի ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել նաեւ Գարիկ Սարգսյանի համար։ Իշխանության մեր աղբյուրը պատմեց, որ Գարիկ Սարգսյանը, որ կուսակիցների հետ Վեդիի կենտրոնական գրասենյակում հետեւել է արդյունքներին, անթաքույց զարմացել է արդյունքներից, քանի որ հույս չի ունեցել, որ նման արդյունք կգրանցեն։ Շտաբում են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Հովիկ Աղազարյանն ու նրա փոխթաղապետ որդին, Դավիթաշենից ընտրված պատգամավոր Միքայել Թումասյանը։ Կեսից միացել են նաեւ ԱԻ փոխնախարար Արմեն Փամփուխչյանը եւ այլք։ Ժամը 10-ին մոտ արդեն ակնհայտ է եղել հաղթանակը, ՔՊ շտաբում շամպայն են տրաքացրել, իսկ կոկորդիլոսագետ համայնքապետը խոստացել է առաջիկայում մեծ խնջույք կազմակերպել։ Ավելի ուշ նա իր էջում գրեց․ «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը... Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքին։ Այժմ, առավել քան երբեւէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջեւ դրված նպատակներին։ Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն եւ ամենայն բարիք»։
«Իրավունք» թերթը գրում է. «Վեդիում տեղի ունեցած ընտրություններում ձայների 56,2 տոկոսով հաղթեց ՔՊ-ն: Իսկ «Իմ հզոր համայնք» քաղաքական ուժը ստացավ ձայների 41,5 տոկոսը, անվավեր էր ձայների 2,3 տոկոսը: Սակայն այս ամենը նորություն է միայն ընթերցողների համար: Ընտրությունների հենց ընթացքից արդեն պարզ էր, թե ինչպիսին է լինելու վերջնարդյունքը, որովհետեւ Վեդի խոշորացված համայնքի մաս կազմող գյուղերում թեւածում էր ոչ թե ընտրական, այլ վախի մթնոլորտը: Գյուղացիները տեսախցիկների առաջ խուսափում էին կարծիք հայտնել, բայց տեսախցիկներից այն կողմ գանգատվում ու վստահեցնում էին, որ ստիպված են ընտրում ՔՊ-ականներին: Շշուկներ էին պտտվում, որ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց ինչ-որ գույքահարկեր են «ջրվել», իսկ գյուղացու համար 20-60 հազար դրամը բավական լուրջ գումար է: Շարքային գյուղացին չի էլ խորանում, որ սա իշխանության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում է, ինչն անթույլատրելի է: Ոմանք էլ պնդում էին, որ դպրոցներից մինչեւ մանկապարտեզի աշխատողներ եւս խիստ ասված է, թե ում օգտին պիտի քվեարկեն: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ տեղի ունեցած «ազատ», «անկախ» եւ «թափանցիկ» ընտրությունների մասին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանում գնաճն անկառավարելի ու շարունակական է, նույնիսկ անզեն աչքով է նկատելի: Մասնագետները դրա համար ներկայացնում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որպես պատճառներից մեկը, նշում է կառավարության գործունեությունը, որը, նրա կարծիքով, ուղղակիորեն նպաստում է գնաճին: «Վերջերս հենց կառավարության ղեկավարը խոսեց հնարավոր վատ հետևանքների մասին: Այդ մի խոսքը բավարար էր, որ մարդիկ նետվեն խանութներ ու ինտենսիվ առևտուր անեն: Բնականաբար, բիզնեսը նման պահանջարկի դեպքում շահագրգռված էր լինելու արհեստականորեն գները բարձրացնել: Կառավարությունները պետք է ուշադիր լինեն արտահայտությունների մեջ, ավելի շատ պետք է հույս տան, ապագայի հանդեպ կանխատեսելիության ու կայունության թեզերով հանդես գան: Խոսքը այս կառավարության մասին չէ, խոսքն ընդհանրապես՝ դասական գործելաոճի մասին է: Իսկ այս կառավարությունը լրիվ հակառակն է անում և դրանով ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Վերջին գնաճի մեծ մասը հենց կառավարության չկշռադատված հայտարարությունների ու քայլերի արդյունքն էր»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը: Մեր զրուցակիցը բարձրաձայնում է նաև մեկ այլ սուբյեկտիվ գործոնի մասին. խոսքը սպեկուլ յացիայի մասին է: «Սովորաբար նման վիճակում սպեկուլ յանտները միշտ գլուխ են բարձրացնում: Սպեկուլ յացիա է տեղի ունենում և՛ ապրանքների, և՛ փողի շուկայում: Բնականաբար, սպեկուլյացիան ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա»,-ասում է Սարգսյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին բավական լարված վիճակ էր Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ Ծովագյուղցիները մի քանի օր շարունակ փակում էին Սևան-Երևան միջպետական մայրուղին՝ պահանջելով չեղարկել համայնքի խոշորացման որոշումը։ Հիշեցնենք, որ ի նշան բողոքի՝ Ծովագյուղ ու Սեմյոնովկա համայնքների բնակիչները մեկ մարդու պես բոյկոտել էին դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենն ունի ուշագրավ նախապատմություն, և պատահական չէ, որ ծովագյուղցիները պահանջում էին հանդիպում հենց տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ նա հանդիպել է գյուղի ներկայացուցիչների հետ և նրանց խոստացել, որ առաջիկա խոշորացման գործընթացում Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքները չեն ներառվի։ Դե, ծովագյուղցիները վստահող ու շնորհակալ մարդիկ են, հավատացել են ու շնորհակալ եղել: Բայց հիմա կանգնած են փաստի առջև: Ի դեպ, թեպետ խոսակցություններ կան, որ հիմա էլ խոստացել են փոխել որոշումը, բայց քանի որ, ինչպես ծովագյուղցիներն են ասում, այս իշխանություններին հավատալը նույնն է, թե մաղով ջուր կրես աղբյուրից, նշյալ երկու համայնքների բնակիչները թերահավատ են: Ի դեպ, իշխանական կուլիսներում այս թեմայի շուրջ խոսում են, որ իշխանությունները հնարավոր է անցնեն Փաշինյանի սիրած մեթոդին ու Ծովագյուղի համայնքապետի ու նրա մերձավոր շրջապատի նկատմամբ սկսեն կիրառել ճնշումներ, այդ թվում՝ գործեր կարելու ճանապարհով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը կարճելու գործընթացը բավականին ուշագրավ իրավիճակում է տեղի ունեցել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա Կոմիտեում ասել է, որ չի ընդունում մեղադրանքը, բայց. «այնպիսի վիճակի եք հասցրել, որ այլ ելք չկա. կարճեք, պրծնենք»: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները` մատնանշելով, թե կոնկրետ ինչ գործառույթներ են վերջիններս իրականացրել: Եվ, ահա, վերոնշյալ պաշտոնյաներից ոմանք ընդունեցին իրենց մեղքը, եւ վաղեմության ժամկետի հիմքով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց: Մասնավորապես, ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի մասով գործը կարճվել էր: Կարճվել է նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով գործը: Տեղեկությունը փորձեցինք պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որոնց պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը կնշանակվի Կենդանաբանական այգու տնօրեն: Եվ ինչպես նախորդ տնօրենները, նա եւս որեւէ կապ չունի ոլորտի հետ: Թե ինչ կենսագրություն ունի Է. Ղազարյանը, պարզեցինք, որ 2006-2010թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2017թ. ավարտել է Club Class անգլերեն լեզվի դասընթացը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): 2004-2010թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸում որպես գլխավոր տնօրեն: 2010-2016թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես տնօրեն (ՌԴ): 2019թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես հիմնադիր տնօրեն: 2019թ. նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2020թ. ապրիլի 22-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում Երեւանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները կսահմանվեն: Ի դեպ, գործունեության իրականացման համար անհրաժեշտ է լինելու տվյալ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է թույլտվության տրամադրման համար սահմանել տեղական տուրք, իսկ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու համար կսահմանվի տուգանք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտմամբ շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը կտուգանվի 100 հազար դրամից մինչեւ 150 հազար դրամի չափով: Այս արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կդառնա 300 հազար դրամ: Բացի այս, նշենք, որ համայնքի տարածքում ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար յուրաքանչյուր օրվա համար կսահմանվի 500 դրամ՝ 1 քմ-ի համար: Այս օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 1-ից»: