23.11.2024
Ինչո՞ւ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին. մեծ պաուզա է պետք
prev Նախորդ նորություն

Մամուլ. Դատարկ նախագահական. ո՞վ է ձևավորելու աշխատակազմը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է՝ Վահագն Խաչատուրյանը ստանձնել է հանրապետության նախագահի պարտականությունները` մարտի 13-ին պաշտոնապես երդվեց: Սակայն մինչ օրս նախագահականի աշխատակազմը չի ձեւավորվել: Ընդամենը նախագահի մեկ օգնական է նշանակվել` ի դեմս Արմեն Ներսիսյանի: Ո՛չ աշխատակազմի ղեկավար կա, ո՛չ խորհրդականներ, ո՛չ ռեֆերենտներ: Արմեն Սարգսյանի աշխատակազմի մի մասը հեռացել է վերջինիս հետ, ոմանք ավելի ուշ ազատվեցին: Տեղեկություններ են պտտվում, որ նախագահն ինքը չի ձեւավորելու իր աշխատակազմը, նա ավելի շատ է անգլիական թագուհու կարգավիճակում լինելու, քան Արմեն Սարգսյանն էր: Խոսվում է, որ առաջիկայում Փաշինյանը նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակի իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, ում ամիսներ առաջ ազատել էր: Երեկ մենք փորձեցինք զրուցել Նաիրի Սարգսյանի հետ, ով օրեր առաջ Դուբայում հանգստանում էր եւ ասում, որ ուզում է բիզնեսով զբաղվել, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց»:


«Իրավունք» թերթը գրում է. «Արտախորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ ստեղծված իրավիճակից ելք էին փնտրում, ինչը վերաճեց իրար հեգնելուն: Մասնավորապես` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջարկեց համազգային համաձայնության խորհուրդ ստեղծել, որը կարող է հիմք լինել ապագա ստվերային կաբինետի ստեղծման համար` ներառելով նաեւ Արցախը: Ավելին` նա առաջարկեց հրատապ համաժողով հրավիրել: Ստվերային կաբինետ ձեւավորելու վերաբերյալ չուշացավ նաեւ ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի արձագանքը: Ոչ ավել, ոչ պակաս նա հետաքրքրվեց Արամ Գասպարիչից, թե արդյոք իրենց «ստվերային կառավարության վարչապետի թեկնածուն դեռ Տիգրան Արզաքանցյանն է»: Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀԴԿ-ն նախընտրական ցուցակ էր կազմել հենց մի քանի կուսակցություն նախկինում ու հետո փոխած գործարար Արզաքանցյանի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմայով փակ քննարկմանը Արարատ Միրզոյանը, ներկաների հավաստմամբ, լարված է եղել եւ ագրեսիվ։ Նա ընդդիմադիրներից մեկին մեղադրել է ագենտության մեջ․ «Ձեր հարցը ծնվել է այլ երկրի մայրաքաղաքում»։ Ակնարկել է, որ ինքը ծանր բեռի տակ է մտել, պետք չէ սադրել։  Ընդդիմադիրները փորձել են կորզել մի հարցի պատասխան՝ արդյոք իշխանությունն Արցախը դիտարկո՞ւմ է Ադրբեջանի կազմում` որեւէ կարգավիճակով։ Ի զարմանս ներկաների, Միրզոյանն անգամ տեսախցիկների բացակայությամբ չի ասել «ոչ»։ Դիվանագիտորեն ցրել է հարցը, թե՝ ես 5 կետերի մասին արդեն տեսակետ հայտնել եմ, դրանք ընդունելի եւ քննարկելի են ՀՀ-ի համար։ Ավելի ուշ ընդդիմությունն առաջարկել է ընդունել ԱԺ հայտարարություն, սակայն ՔՊ-ն մերժել է եւ չի մասնակցել քվեարկությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմության առաջարկով իշխանությունները փակ նիստ հրավիրեցին` քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը: Նիստին որպես «հատուկ հյուր» հրավիրվել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ընդդիմությունը, սակայն, նիստից դուրս եկավ զայրացած ու հիասթափված: Ոմանք նիստի կեսից դուրս եկան` համարելով, որ ոչ մի նոր բան չեն լսելու: Ավելի ուշ մեզ ասացին, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի հստակ բան չեն հայտարարել իշխանությունները։ Չեն ասել ավելին, քան հրապարակավ են ասում: Միայն ակնարկել են, թե իրենք բանակցություններում առաջ են մղում Արցախի ինքնորոշման հարցը, բայց չեն խոստացել, որ չեն քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում: Գեղամ Մանուկյանը Մհեր Գրիգորյանից էր հիասթափված, որը չի կարողացել Արցախում ստեղծված գազի խնդրի եւ այլ հարցերի վերաբերյալ նորմալ, ինֆորմացված պատասխաններ տալ, որը հույս կներշնչեր արցախցիներին: Մի խոսքով` անիմաստ նիստ է եղել, եւ իշխանությունը չի բավարարել ընդդիմության ակնկալիքները: Սակայն եթե որեւէ գաղտնի, հրապարակման ոչ ենթակա ինֆորմացիա չպետք է հաղորդեին պատգամավորներին, փակ նիստ անելու իմաստն առհասարակ չկար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ իշխանավորները մի քանի հարցեր են քննարկել: Ճիշտ է՝ հատուկ պայման են դրել ու պայմանավորվել միմյանց հետ, թե նիստի մանրամասներն իրենց ներսից դուրս չի գալու, բայց «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկները, բայց, մեր տեղեկություններով, այս մասով Փաշինյանը որեւէ վերջնական ու հստակ բան չի ասել թիմակիցներին: Իշխանականների քննարկելիք գլխավոր թեմաներից է եղել նաեւ այն, թե այսօր՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ականներից ով ինչ հարց է տալու Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օրակարգային կարեւոր հարցերի մասին ՔՊ պատգամավորները հարց ուղղեն Փաշինյանին՝ կանխելով ընդդիմադիր պատգամավորների հավանական «ցավոտ» հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խոչընդոտմանը: Որոշել են, որ այդ մասին հայտարարություններ անելիս առավել քան զգույշ պետք է լինեն՝ զերծ մնալով կոշտ ու սուր ելույթներից: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո: ԱԺ մեծամասնականները հույս ունեն, որ այդ ժամանակ իրենց առաջնորդը մի շարք հարցերի մասով առավել հստակ ու կոնկրետ դիրքորոշում կհայտնի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Ազգային ժողովի հերթական նիստում ակնհայտ դարձավ, թե ինչպես են գործադիրի մանր ու միջին կալիբրի պաշտոնյաները քամահրանքով, «մատների արանքով» վերաբերվում պետության թիվ մեկ քաղաքական մարմնին՝ օրենսդիրին, որի առջեւ սահմանադրորեն իրենք պետք է հաշվետու լինեն։ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը պետք է զեկույցով հանդես գար  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, սակայն երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարդաց նրա անունը եւ արձագանք չստացավ, զարմացած հարցրեց․ «Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»։ Ապա նայելով քարտուղարության կողմը՝ փրփրեց․ «Քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության գործընկերներից, հայտարարում եմ 20 րոպե ընդմիջում եւ քարտուղարությանը հանձնարարում՝ անմիջապես կապվել կառավարության հետ եւ ասել, որ արագ գան»։ Մինչ այդ էլ  ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, պարզվեց, չի եկել խորհրդարան, ինչի առիթով Ռուբինյանը կրկին նեղսրտեց․ «Լավ չէ։ Քարտուղարությանը խնդրում եմ հետեւել, որ մեր գործընկերները ժամանակին հասնեն»։ Ավելի ուշ Խաչատրյանը հայտնվեց, եւ նախարարությունից մեզ ասացին, որ այդ նույն ժամին փոխնախարարը կոմիտեի նիստի էր մասնակցում՝ տեխնիկապես հնարավոր չէր ժամանակին ԱԺ ներկայանալ։ Մի բան ակնհայտ է, որ ինչպես գործադիրի ղեկավարն է պատգամավորներին դիտարկում որպես կառավարության որոշումները դակող մարմին, այնպես էլ նրա ենթականերն են իմիջիայլոց վերաբերվում պատգամավորներին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամի Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարությանը եւ ՀՀ պրոբացիոն ծառայությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին քաղաքապետը պահանջել է, որ դատարանը ստիպի նախարարությանը եւ ծառայությանը բարենպաստ վարչական ակտ կայացնել եւ իրեն թույլատրել յուրաքանչյուր տարի՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Պատճառը նշված չէ: ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը որոշում է կայացրել պարտավորեցնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը կայացնել վարչական ակտ՝ Ռուբեն Խլղաթյանին թույլատրելով յուրաքանչյուր տարի՝ 2022թ.-ի մարտի 15-ից մինչեւ 2025թ.-ի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա չէ, եւ ավելին՝ ենթակա է անհապաղ կատարման»:


«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները չեն կարողանում գնալ անգամ գերեզմանատուն: Պատճառն այն է, որ մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել: Գյուղացիները չեն կարողանում նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, խոշոր եղջերավոր կենդանիներին արոտավայրեր ուղարկել: Ի՞նչ իրավիճակ է առհասարակ գյուղում, Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ բան չի փոխվել, թեպետ գյուղում հանգիստ վիճակ է, կրակոցներ էլ չկան.


- Նրանց կողմից տեղադրված վրանները մեր մոտից չեն երեւում: Հիմա հանգիստ վիճակ է, այդ հարցերով զբաղվում են, էլ հարցեր մի տվեք:


- Իսկ ճի՞շտ են լուրերն առ այն, որ գերեզմանները ուղիղ նշանառության տակ են:


- Դե գիտեք ոնց, մոտ 600 մետր հեռավորության վրա են գտնվում ազերիները գյուղի գերեզմաններից, մարդիկ վախում են գերեզման գնան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խոսում են խաղաղություն հաստատելու մասին, ու թեեւ Ադրբեջանը շարունակում է կրակել եւ զոհեր պատճառել հայկական կողմին, այնուամենայնիվ, մարտի17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների տեսակետը գործընթացների վերաբերյալ: Այս կապակցությամբ մի քանի հարց ենք ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին.


1. Խաղաղության պայմանագրի գործընթացի մասին ձեզ ի՞նչ է հայտնի:
2. Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը պատրա՞ստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել:
3. Երկու երկրների միջեւ խաղաղություն հաստատման համար ձեր պատկերացրած մեխանիզմները կամ ճանապարհային քարտեզը ո՞րն է:
4. Դեռեւս նախորդ տարվա մայիսից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի ճակատագիրն ի՞նչ է լինելու, ջանքեր գործադրո՞ւմ եք նրանց՝ Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնելու ուղղությամբ
5. Սահմանազատում ու սահմանագծում անելիս Հայաստանն ու Ադրբեջանն անվտանգության գոտի պե՞տք է ունենան:
6. Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակը, քանի որ խաղաղ համակեցություն Ադրբեջանի կազմում ուղղակի հնարավոր չէ, ինքնորոշված արցախցիները դա կտրուկ չեն ուզում: 


Այս հարցերին «Ժողովուրդ» օրաթերթը ընդհանրական պատասխան է ստացել ԱՄՆ դեսպանատան կողմից, որը ներկայացնում ենք առանց կրճատման. «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել ու ընդլայնել դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին։ Առաջարկում ենք նաեւ ծանոթանալ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ պետքարտուղար Բլինքենի ունեցած վերջին հեռախոսազրույցների մամլո հաղորդագրություններին»։