24.11.2024
Խաչատուրյանը և Արցախի խորհրդարանականները քննարկել են արցախահայության ներկայիս խնդիրները
prev Նախորդ նորություն

Վարույթ է ընդունվել Նիկոլ Փաշինյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դատավճիռը բեկանելու և նրան արդարացնելու մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը:


Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։


Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք  էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել նրան։


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» եւ դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:


2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը եւ նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։



Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, թե խախտվել է նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել։